Միջազգային Հելլենիկ համալսարանում (Հունաստան) 2023 թվականի հուլիսի 10-14-ը կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (The Erasmus+ CBHE project “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագծի միջազգային աշխատաժողովը։
Որպես ծրագրի համակարգող՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը բացման հանդիսավոր արարողությանը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց միջազգային աշխատաժողովի օրակարգն ու ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հյուրընկալող բուհին ներդրած ջանքերի, պատրաստակամության ու նախագծում կարևոր դերակատարման համար:
Ներկաներին ողջունեց նաև Միջազգային Հելլենիկ համալսարանի ակադեմիական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պանայոտիս Ցիոնասը՝ ակադեմիական համայնքի համար կարևորելով նախագծի արդիականնությունն ու այն գաղափարը, որը որդեգրել են մասնակից կառույցները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ Տաթևիկ Ղարիբյանը ողջույնի խոսքում ընդգծեց, թե որքան կարևոր է այս նախագծի շրջանակներում պետություն-կրթական հաստատություններ – եվրոպական կառույցներ համագործակցությունը և այն սահմանած նպատակները, որոնք ամրագրված են նախագծում:
Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար, T-GREEN նախագծի համահամակարգող, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների (Erasmus + Higher Education Reform Experts (HEREs)) փորձագետ Արևիկ Օհանյանը մասնակիցներին ներկայացրեց նաև նախագծի բարեփոխումների ու գործողությունների շղթան, տեսլականն ու ակնկալվող վերջնարդյունքերը, եռամյա գործողություններն ու այն համատեղ մագիստրոսական ծրագրերը , որոնք նախատեսում է T-GREEN-ը:
Ծրագրի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները համաժողովի ընթացքում հնարավորություն ունեցան լսելու նաև եվրոպացի գործընկերների կրթական ծրագրերի, բարեփոխումների, գործող օրենսդրական կարգերի ու որակի վերահսկման կանոնակարգերի մասին բազմաթիվ ելույթներ, կիսվել սեփական փորձով, իսկ խմբային քննարկումների արդյունքում նախանշել այն խնդիրներն ու անելիքները, որոնք պետք է համատեղ ջանքերով իրականացնեն նախագծի մասնակից բուհերն ու այլ կառույցները առաջիկա երեք տարում:
Եռամյա նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։
Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։
Նախագծի հայաստանյան մասնակիցներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (համակարգող), Եվրասիա միջազգային համալսարանը (համահամակագրող), Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։
ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային Հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։