ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) ավելի քան 25 տարվա պատմություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն է։ Շուրջ քառորդ դար պատմության ընթացքում համալսարանն անցել է զարգացման մի քանի փուլեր։ Առաջին փուլը (1997-2005) կարելի է անվանել հիմնադրման և կայացման, երբ համալսարանը ստացավ առաջին լիցենզիաները և 2002 թ. անցավ առաջին պետական հավատարմագրման (անժամկետ) գործընթաց։
Համալսարանը այդ փուլը հաջողությամբ հաղթահարեց և երկրորդ փուլը՝ 2005-2015 թթ․, արդեն իսկ մեկնարկեց իր սեփական մասնաշենքում։ 2005 թ.-ից համալսարանն անցում կատարեց կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) և այնուհետև աշխատեց Բոլոնիայի գործողությունների ծրագրով: Այդ փուլը նշանավորվեց նաև նրանով, որ համալսարանը հաղթահարեց մի կարևորագույն հանգրվան՝ ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ ՀՀ Կառավարության 30․06.2011 թ. N 959-Ն «ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները հաստատելու մասին» որոշմամբ նախատեսված կարգով։ Այդ փուլում համալսարանը իրականացրեց առաջին վստահ քայլերը միջազգայնացման ուղղությամբ, իրականացվեցին փոխանակման ծրագրեր։ ԵՄՀ-ում բացվեց բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագիր՝ ասպիրանտուրա (կառավարման, իրավագիտության և օտար լեզուների ամբիոններում)։
2013 թ.-ից համալսարանն առաջարկում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի ծրագրեր «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» (Ը.00.02), «Ռոմանագերմանական լեզուներ» (Ժ.02.07) և «Հանրային իրավունք (սահմանադրական, վարչական, ֆինանսական, տեղական ինքնակառավարման, բնապահպանական, եվրոպական իրավունք և պետական կառավարում)» (ԺԲ.00.02) մասնագիտություններով:
2015 թ․ հավատարմագրմանը հաջորդող ժամանակաշրջանից մինչ օրս կարող ենք պայմանականորեն անվանել համալսարանի զարգացման երրորդ շրջափուլ, երբ մեկնարկեց ի հայտ եկած խնդիրների լուծմանն ուղղված բարեփոխումների ծրագիրը։ Արդյունքում նախանշվեց հետազոտական ենթակառուցվածքների զարգացման մեկնարկը, առավել հստակեցվեց կառավարման համակարգը, ուրվագծվեցին համալսարանի առաքելության և տեսլականի ներկա հիմնական շրջանակները, արագացված տեմպերով իրականացվեցին միջազգայնացման գործընթացները։ 2018 թ․ համալսարանը արդեն ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ մեկը հանրապետության երեք մասնավոր համալսարաններից (ավելի քան 25-ից), որը ստացել է 4 տարվա ինստիտուցիոնալ հավատարմագրում։
Ներկայումս ԵՄՀ-ն կրթական հնարավորություններ է ապահովում Հայաստանի Հանրապետության Որակավորումների ազգային շրջանակի VI` բակալավր, VII` մագիստրոս, VIII` հետազոտող (գիտական աստիճանը` գիտությունների թեկնածու) աստիճաններում: Համալսարանի հիմնական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերն են՝ «Կառավարում», «Իրավագիտություն», «Օտար լեզուներ», «Ֆարմացիա», «Տեղեկատվական համակարգեր», «Լրագրություն», «Տարրական մանկավարժություն» և «Ֆինանսներ»: Մագիստրոսական աստիճանը ներառում է «Սահմանադրական իրավունք», «Քաղաքացիական իրավունք և դատավարություն», «Քրեական իրավունք և դատավարություն», «Միջազգային և եվրոպական իրավունք», «Կառավարում», «Նախագծերի կառավարում», «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում», «Հյուրընկալության կառավարում», «Անգլերեն լեզու և գրականություն (TEFL)», «Տեղեկատվական համակարգեր» և այլ մասնագիտացումներ:
Համալսարանը շարունակաբար ուսումնասիրում է ԵՄ գործընկեր համալսարանների կրթական ծրագրերը` ապահովելու կրթական ծրագրերի համադրելիությունն ու ներդաշնակեցումը, ինչպես նաև խթանելու անձնակազմի և ուսանողների շարժունությունը: ԵՄՀ-ն ընդունել է կրեդիտների ամբողջական ճանաչման քաղաքականություն և մշակել համապատասխան մեխանիզմներ՝ ապահովելու այդ քաղաքականության իրագործումը: Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում իրագործված նախագծերի քանակով ԵՄՀ-ն հանրապետության լավագույն բուհերի շարքում է: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ HARMONY ծրագրի շրջանակներում ԵՄ գործընկերների առաջարկությունների և ծրագրի իրականացման ընթացքում կատարված վերլուծությունների հիման վրա ԵՄՀ-ն մշակել է միջազգայնացման առանձին ռազմավարություն։
Այսպիսով, վերջին ժամանակահատվածի արդյունքներով այսօր արդեն Եվրասիա միջազգային համալսարանը ներկայանում է որպես դինամիկ զարգացող, միջազգային ուսանողների զգալի համակազմ ունեցող, կրթության որակը և նորարարությունը արժևորող հանրապետությունում հայտնի կրթագիտական հաստատություն։ Համալսարանը իր ներուժի շնորհիվ վերջին տարիներին ընկալվում է որպես հանրապետության բուհական և հետազոտական համակարգերի բարեփոխումների առաջամարտիկ՝ որակին միտված բարձրագույն մասնագիտական հաս-տատություն։
ԵՄՀ համակարգմամբ ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվում է դոկտորական կրթության բարեփոխումների ARMDOCT ազգային ծրագիրը, 2023 թ. դարձյալ ԵՄՀ համահամակարգմամբ մեկնարկել է մեկ այլ ազգային ծրագիր (T-GREEN): ԵՄՀ-ում այսօր գործում է ՀՀ բուհական համակարգի համար եզակի՝ Ժան Մոնե ամբիոնը, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի համալսարանների հետ իրականացվում են կրկնակի դիպլոմի ծրագրեր։
ՄԵՆՔ
ՄԵՐ ՀԻՄՆԸ
Ես ուզում եմ նկարել
Մի մեծ ժպիտ քեզ համար
Ու քո ներսում դրոշմել
Լուսե աստղեր անհամար:
Կրկներգ.
Իմաստության տիեզերք
Գիտելիքի խառնարան
Իմ մտքերի լայն եզերք
Հարազատ համալսարան:
Քո գրկում ես ուժեղ եմ
Ամեն նորով արբեցած
Թե խոհերս ինձ շեղեն
Քո լույսով եմ հագեցած:
Կրկներգ.
Իմաստության տիեզերք
Գիտելիքի խառնարան
Իմ մտքերի լայն եզերք
Հարազատ համալսարան:
Քեզ գարուններ բյուրավոր
Ու ճառագող ապագա
Գիտության ծիլ դարավոր
Բույնդ թող միշտ ծիծեռ գա: