Մարտի 29 2018
IMG 0958

Մասնագիտական կողմնորոշման հետքերով…

Եվրասիա միջազգային համալսարանը, հավատարիմ մնալով իր հասարակական պատասխանատվությանը, բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում ս.թ. մարտի 26- 28-ը հյուրընկալեց «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին: Եռօրյա այցի նպատակը մասնագիտական կողմնորոշմանն ուղղված պրակտիկ դասընթացներն էին: Առաջին օրվա սեմինար-պարապմունքն անցկացվեց ԵՄՀ կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Աշոտ Մարդոյանի կողմից՝ «ՀՀ բանկային համակարգը և դրա զարգացման միտումները» թեմայով, որին ներկա էին դպրոցի տնտեսագիտական հոսքի աշակերտները:IMG 1121 Թեմայի շրջանակներում սեմինարավարը հանգամանալից ներկայացրեց բանկային համակարգը, նրա գործունեությունը, անցկացրեց համեմատականներ միջազգային բանկերի փոխհարաբերությունների միջև, խոսեց նաև վարկերի տարատեսակների, հիփոթեքի էության և հնարավոր ռիսկերի մասին: Ներկայացվածի շրջանակներում աշակերտները բանախոսին ուղղեցին տարաբնույթ հարցեր, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:

Երկրորդ օրը ԵՄՀ-ն  հյուրընկալեց դպրոցի հումանիտար հոսքի պատմաիրավագիտական խմբի աշակերտներին: Սեմինար-պարապմունքը այս անգամ վարեց ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Նարեկ Տեր-Օհանյանը՝ «Քրեաիրավական պատիժներն ըստ ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագծի» թեմայով: Թեմայի շրջանակներում  բանախոսը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագծում ամրագրված պատժի տեսակները, համեմատականներ անցկացրեց ներկայիս գործող օրենսդրության հետ, անդրադարձ կատարեց առանձին պատժի տեսակներին, վերլուծեց դրանցից յուրաքանչյուրը, ուշադրություն հրավիրեց անչափահասների վրա կիրառվող պատիժների վրա: Ներկայացված նյութի շրջանակներում ծավալվեց ակտիվ բանավեճ, որին ներգրավվեցին նաև ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանը և նույն ամբիոնի վարիչի տեղակալ, դասախոս  Նունե Ջոմարդյանը:

Երրորդ օրը հագեցած էր դասընթացներով: Հանդիպման սկզբում  ԵՄՀ օտար լեզուների և գրականության ամբիոնը հյուրընկալեց նույն դպրոցի հումանիտար հոսքի լեզվաբանական խմբի աշակերտներին: Կազմակերպված սեմինար- պարապմունքը վարեցին ԵՄՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Սոնա Հակոբյանը և նույն ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Իրինա Մխիթարյանը: Հանդիպման թեման էր ՝«Անգլերենի ուսուցումը այլընտրանքային միջոցներով», որի ժամանակ փոխներգործուն մեթոդների միջոցով ներկայացվեցին անգլերենի  ավելի դյուրին յուրացման հմտությունները: Թեմայի շրջանակներում անցկացվեցին վարժություններ՝  ուղղված անգլերենի լսողական կարողությունների զարգացմանը:

Հանդիպման երկրորդ հատվածին միացան նաև նախորդ օրերի տնտնեսագիտական և հումանիտար հոսքերի

աշակերտները:

IMG 1201

Իրականացված սեմինար-պարապմունքը «Նպատակադրում» թեմայով էր, որը վարեց ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը: Հանդիպումը ընթացավ երկխոսությունների, քննարկումների, հարց ու պատասխանի  ձևով, որի ժամանակ խոսվեց նպատակը սահմանելու, դրան հասնելու քայլերի մասին,  տարբերակվեցին «երազանք» և «նպատակ» հասկացությունները, կազմակերպվեց տեսադիտում, դեպքերի վերլուծություն, խաղի միջոցով բացատրվեց, թե ինչպես կարելի է կատարել նպատակադրում, սահմանել տեսլականը, հասնել դրան՝ հաղթահարելով խոչընդոտները: Հանդիպման վերջում յուրաքանչյուր մասնակից, կիրառելով ստացած գիտելիքները, սահմանեց իր առաջիկա նպատակը, կանխատեսեց դրան հասնելու խոչընդոտները և տվեց հնարավոր լուծումներ՝ հանձնելով այն թղթին:

Հավելենք, որ բուհ-դպրոց համագործակցությունները կրում են շարունակական բնույթ և միտված են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը: