Եվրասի միջազգային համալսարանի կառավարման ամբիոնը մշտապես ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի առկայությանը և նպաստում, որ ապագա մասնագետները ծրագրեր կազմելիս հիմնվեն հետազոտական ցուցանիշների վրա:
Օրերս, ավարտական կուրսի ուսանողները «Հետազոտության մեթոդներ» առարկայի շրջանակներում խմբային աշխատանքների միջոցով փորձեցին քանակական վերլուծության միջոցով ստանալ «Տնօրինվող եկամուտների հաշվի» ամբողջական պատկերը:
Առարկան դասավանդող պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը աշխատարանի անցկացման և բովանդակային վերլուծության համար ուսանողներին տրամադրել էր նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների բազայից դուրս բերված հատվածային հաշիվների ելակետային տվյալներ:
Համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում կարևորեց նման ձևաչափով ուսուցման անցկացումը՝ առանձնացնելով աշխատարանի մի քանի բնութագրեր. շեշտադրումը կատարվում է պրակտիկայի վրա, ուսուցումն ընթանում է արագացված ձևաչափով, հատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն մասնագիտական հմտություններին, այլև ուսանողների հաղորդակցային կարողություններին: