ԵՄՀ «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսումնառության գործընթացի մեկնարկին առաջին կուրսեցիները հանդիպեցին բուհի ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանին։ Ապագա մագիստրոսների հետ հանդիպումը, իսկ հետո՝ դասը, միառժամանակ զուգակցվեց լսարանում՝ դեմառդեմ, և առցանց հարթակում՝ ուղիղ տեսակապով։ Հանդիպման սկզբում ռեկտորը նախ շնորհավորեց անվճար և ուսման վարձի զեղչի արտոնություններով ընդունված ուսանողներին, ապա ողջունեց ուսանողների՝ Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրատուրայի աստիճանում կրթության շարունակականությունը, նշելով, որ բուհում բակալավրիատի կրթությունը տարբերվում է մագիստրատուրայի կրթությունից ինչպես բովանդակային առումով, այնպես էլ ընթացակարգով։ Շարունակելով խոսքը՝ ռեկտոր Ս․Օհանյանը ընդգծեց, որ համալսարանը՝ ի դեմս ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, ի․գ․դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանի, առանցքային է համարում բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների պատրաստումը, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտահետազոտական գործունեություն, կարող են բացահայտել մասնագիտացման բնագավառի իրավական կարգավորման հետ առընչվող հիմնախնդիրները, ներկայացնել հիմնավորված առաջարկություններ օրենսդրությանը և կառավարմանը վերաբերող տարբեր հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն, օպերատիվ և արդյունավետ պայքարել իրավախախտումների դեմ: Այս նպատակով էլ ամբիոնում դասավանդում են տեսական հմտություններ ունեցող գիտությունների թեկնածուներ, ոլորտի փորձառու պրակտիկ դասախոսներ, մասնագետներ, որոնք առաջնորդվում են միջազգային չափորոշիչներին և ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, վերանայված կրթական ծրագրերով։ Ամփոփելով խոսքը՝ ռեկտորը ապագա մագիստրոսներին մաղթեց հաջողություն մասնագիտական ուղին հարթելու ճանապարհին։
Այնուհետև առաջին կուրսեցիները մասնակցեցին դասին։ Դասացուցակով նշանակված դասերը «Իրավաբանական գրագրություն»-ն էր (դասախոս Մ.Հակոբյան), «Նախաքննության հիմնախնդիրները ՀՀ-ում» (դասախոս Ա.Այվազյան ) էին, իսկ բուհի մեկ այլ լսարանում դասախոս Դ. Հարությունյանը մագիստրատուրայի երկրորդ կուրսեցիներին առցանց դասավանդում էր «ՏՀՏ-ն մասնագիտական խնդիրներում» առարկան։