Դեկտեմբերի 12 2018
IMG 2884

«Կրթության, հետազոտության և նորարարության եռանկյունին» թեմայով գիտաժողով Եվրասիա միջազգային համալսարանում

2018թ., դեկտեմբերի 11-ին Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպեց միջբուհական հերթական գիտաժողովը` «Կրթության, հետազոտության և նորարարության եռանկյունին» թեմայով: Գիտաժողովի ընթացքում քննարկվեց հետազոտության կապը կրթության և գործարարության հետ, ներկայացվեցին դասավանդման նորագույն մեթոդներ ու տեխնոլագիաներ՝ ուղղված ստեղծագործական և նորարական մտածողության ձևավորմանը, քննարկվեցին հետազոտության արդյունքների առևտրայնացման հնարավորությունները:IMG 2933

 

Ի-Վի Քոնսալթինգի մենեջեր Հովհաննես Աթաբեկյանն իր խոսքում նշեց, որ «Պետության քաղաքականությունը հիմնականում ուղղված է տեսական հետազոտությունների ֆինանսավորմանը, սակայն պետք է կարևորել այդ հետազոտությունների կիրառական մասը: Գիտությանը և նորարարությանը միտված պետական քաղաքականությունը ֆրագմենտացված է. այս համատեքստում առաջարկում ենք մշակել մեկ ամբողջական քաղաքականություն՝ մոտեցնելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությունները»:

 

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ՀՀ տնտեսության զարգացման ներկա փուլում կարևորեց ուսանողների և երիտասարդների մրցունակության բարձրացումը աշխատաշուկայում: «Այդ առումով կարևոր է խթանել կրթության որակը գործնական գիտելիքների և ինքնուրույն վերլուծական աշխատանքի ուղղություններով՝ երիտասարդների մրցունակությունը աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով», – նշեց Գագիկ Մակարյանը:IMG 2922 Ըստ բանախոսի, կարևոր է նաև գործատուների կողմից երիտասարդների կամավոր աշխատանքի խթանումը, ինչպես նաև հետազոտական կարողությունների զարգացումը. այս խնդիրները գործատուների համար պիտի լինեն առաջնային, որի արդյունքում երիտասարդները կազմակերպությունում կինտեգրվեն ավելի կարճ ժամանակահատվածում: «Անհրաժեշտ է ապահովել գործատուների մասնակցությունը կրթական գործընթացներին, ինչը կնպաստի նաև երիտասարդների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը և անհրաժեշտ գործնական գիտելիքների ձեռքբերմանը, կխթանի նրանց կիրառական գիտելիքների և գործնական կարողությունների զարգացմանը»,- նշեց Գագիկ Մակարյանը:

 

IMG 2897 Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան (ՀՌԿԿ) տնօրեն Հեղինե Մանասյանը խոսեց բուհերում ստեղծագործական և հետազոտական էկոհամակարգի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ՝ ներկայացնելով Երևանի պետական համալսարանում գործող ՀՌԿԿ փորձը: Բանախոսը ներկայացրեց նաև կենտրոնի տվյալների բաց շտեմարանները՝ կարևորելով նմանատիպ շտեմարանների հասանելիությունը, որը հետազոտողների համար թիրախային աղբյուր է միջազգային ինդեքսավորված ամսագրերում տպագրվելիս:

 

«Բուհը պետք է կանխատեսի աշխատաշուկայի պահանջները, այդ պահանջներին ուղղակի արձագանքելու ուշացած փորձ անելու փոխարեն: Հարափոփոխ միջավայրում առաջնային է հատկապես կրթական բովանդակության դինամիկ զարգացումը. անհրաժեշտ է բուհերում ապահովել միջավայր, որում այդ փոփոխություններն առավել արագ կարող են տեղ գտնել»,-նշեց Եվրասիա միջազգային համալսարանի Ռեկտոր Սուրեն Օհանյանը:

IMG 2811

Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Մարի Պօղոսեանը ներկայացրեց նորարական, քննադատական մտածողության զարգացման հաջողված մեթոդներ և մոդելներ: Բանախոսը նշեց, որ ուսանողներն ու մասնագետներն առավելապես ուղղորդված են դեպի խնդիր, սակայն առջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է ուղղորդվել դեպի լուծում՝ առաջնորդվելով առողջ քննադատությամբ:

 

Զեկույցներով հանդես եկան գյուղատնտեսության, տեղեկատվական և հեռահաղոր­դակ­ցության, կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների հետազոտողներ, գիտնականներ՝ ներկայացնելով տվյալ ոլորտի առաջադեմ տեխնոլոգիաներ,

հետազոտությունների արդյունքներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան կիսել իրենց կարծիքներն ու փորձը կրթության, հետազոտության, նորարարության և հարակից ոլորտներում: