Մայիսի 31 2024
290a0381

Համի հիշողությունը․ Արցախյան ուտեստներն օգնում են տեղահանվածներին հաղթահարել տան կարոտը

«Մուք ամեն ինչին տիմացող ազգք, հունց էս խմորնա տիմանում ծեքես, տի ալ մուք տիմացող»,– կես կատակ–կես լուրջ ասում է Տիկին Գայանեն և շարունակում հունցել փախլավայի խմորը։

Տիկին Գայանեն Արցախից է։ 2023 թ․–ի սեպտեմբերին՝ արցախցիների էթնիկ զտումներից և բռնի տեղահանումից հետո տեղափոխվել Երևան։ Տարիքի մասին չի խոսում, ասում է` կնոջից տարիք չեն հարցնում։

Այստեղ տնային տնտեսությամբ է զբաղվում, եթե պատվեր կա` փախլավա է թխում, վաճառում. «Հազարից մինը օզե` օզե, չէ` չէ»,– ասում է նա։

«Մեր փախլավան այստեղ թխվող փախլավայից մի քանի կարևոր բաներով է տարբերվում, օրինակ` մենք դարչին չենք ավելացնում միջուկին, շատ տանտիկիններ խմորը ոչ թե կարագով` այլ խոզի յուղով են հունցում»,– պատմում է Տիկին Գայանեն։

Մեկ այլ տեղահանված արցախցի է տիկին Լիրան։ Այնտեղ լրագրությամբ է զբաղվել, այստեղ էլ է շարունակում իր գործը։

Հիշում է՝ մանկության տարիները, երբ քաղցրավենիքի տեսականին այնքան մեծ չէր, ինչպես մեր օրերում․

«Գնում էինք տատիկիս տուն, լավ իմանալով, որ մի քանի ժամ առաջ պատրաստել է մեր սիրած թխվածքը` թերթերուկը։ Այն պատրաստելը շատ հեշտ է, պարզապես բացում ես ալյուրից ու ջրից հունցած խմորը, մեջը ավելացնում խոզի յուղով պատրաստված խորիզը փակում խմորը, և սաջի վրա կարմրեցնում երկու կողմերը»,– պատմում է տիկին Լիրան և անցում հաջորդ «սրտոօզիլիքին» (սրտի ուզածին)՝ շորավ հացին.

«Տատիկիս սարքած ամենահամեղ ուտեստներից էր  շորավ հացը։ Կաթնաշոռը, սոխարածը և խնոցու կարագը լցնում էին խմորի մեջ և թխում էին  սաջի վրա, մինչև երկու կողմերն էլ կարմրեն»։

Մեկ այլ բաղադրատոմս է հիշում Տիկին Գայանեն։ Ասում է՝ իր մանկությունը այս քաղցրավենիքի` Պյուտի համն ունի․ «Պարզապես պետք է վերցնել փոխինձի ալյուրը, խառնել մեղրաջրի հետ և գնդեր, այսինքն՝ պյուտեր սարքել։ Եվ պյուտը պատրաստ է»։

Քաղցրավենիքից անցում կատարելով տաք ուտեստներին, տիկին Լիրան առաջինը խոսում է Կուրկուտի մասին։ Կուրկուտ պատրաստելը իսկական տոնախմբություն էր․ նախ լվանում և 4–5 ժամով թրջում էին ձավարը, այնուհետև մեծ թասի մեջ ավելացնում սոխը, ձավարը, կարագը, խոզի կամ տավարի միսը և եփում թոնրի մեջ` ողջ գիշեր․

«Իսկական կուրկուտը պատրաստվում է կարմիր ցորենով, խոզի տոտիկներով և խոզի գլխամաշկով։ Այս ուտեստի համի գաղտնիքը հենց խոզի մաշկի համն է»,– պատմում է տիկին Լիրան։

Արցախցիները յուրահատուկ են նաև իրենց թթուների տեսականիով։ Բացի կաղամբի, վարունգի, ծաղկակաղմաբի և այլ թթուներից նաև պատրաստում էին հոնըթթո (հոնի թթու), զկռըթթո (զկեռի թթու), մհասրաթթո (մասուրի թթու)։

Տիկին Գայանեի թխած փախլավան արդեն պատրաստ է, կտրտում է, դնում սեղանին, լցնում թեյը և ասում. «Էս ալ մըր Արցախի փախլավան, անուշ ըրեցեք»։

Իրենա Հարությունյան

Լրագարություն, 3-րդ կուրս