Հուլիսի 24 2019
IMG 3800

Կայացավ քաղաքաիրավական ոլորտում բիզնես հմտությունների զարգացման  «Ամառային դպրոց 2019» նախագիծը

Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնը «Պատանի իրավաբանի» և «Պատանի դիվանագետի» դասընթացների 2018-2019 ուստարվա շրջանավարտների, ինչպես նաև տարբեր դպրոցների աշակերտների և ուսանողների  համար կազմակերպեց քաղաքաիրավական ոլորտում բիզնես հմտությունների զարգացման  «Ամառային դպրոց 2019»-ը։ Մեկ ամիս տևողությամբ ամառային դպրոցի  նպատակն էր ուսուցանել քաղաքաիրավական ոլորտի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ և զարգացնել ձեռնարկատիրական հմտություններ։ Բիզնես իրավունք, բիզնես քաղաքականություն, բիզնես անգլերեն ծրագրային ոլորտների շրջանակներում կազմակերպված դասընթացներին մասնակիցները ձեռք բերեցին բիզնես բանակցությունների, մասնագիտական խոսքի կառուցման, ինքնաներկայացման և այլ հմտություններ, ստացան նախնական գիտելիքներ սեփական ընկերությունը ստեղծելու և վարելու, բրենդի մշակման և գրանցման վերաբերյալ, ծանոթացան տարածաշրջանային և ՀՀ բիզնես ծրագրերին, ուսումնասիրեցին հայկական սփյուռքի դերը ՀՀ քաղաքականության մեջ։

Դասընթացների ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով։

«Սպասելիքներս արդարացան։ Լինելով նախորդ դպրոցների դասընթացների մասնակից՝ որոշեցի կրկին մասնակցել այս անգամ այս դպրոցին։ Դասընթացները շատ հագեցած էին, ինչի շնորհիվ շատ նոր բան սովորեցինք։ Հուսամ առաջիկայում կկազմակերպվեն նոր դպրոցներ՝ առավել խորացված ոլորտային ուսումնասիրություններով լի ։ Իմ անունից խոստանում եմ, որ փորձս ու գիտելիքներս կտարածեմ իմ ընկերների շրջանում»,- կիսվեց իր տպավորություններով մասնակիցներից Իլոնա Սահակյանը։ Մյուս մասնակիցները ևս կիսվեցին իրենց տպավորություններով և ներկայացրին առաջարկներ՝ հետագա դպրոցների բարելավմանն ուղղված։

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան վկայականներ։