Դեկտեմբերի 22 2023
plag2

Կատարելագործվում են գրագողության բացահայտման տեխնիկական միջոցները

Եվրասիա միջազգային համալսարանում ներկայացվեց «StrikePlagiarism» գրագողության դեմ պայքարի առցանց գործիքը և ԵՄՀ ղեկավար կազմի հետ քննարկվեցին համակարգը ստեղծած ընկերության հետ համագործակցության ուղիները:

Եվրասիա միջազգային համալսարանը էապես կարևորում է գիտակրթական միջավայրում բարեվարքության  նորմերի հարգումն ու պահպանումը: Համալսարանի կառավարման մարմինների կողմից ընդունված տարբեր փաստաթղթերով ակադեմիական ազնվության ապահովման և գրագողության կանխարգելման նպատակով սահմանվել են համապատասխան դրույթներ։ Միաժամանակ համալսարանը ակտիվորեն իրականացնում է ակադեմիական բարեվարքության միջավայրի կայացման ուղղությամբ տարբեր մեթոդական աջակցության բնույթ ունեցող միջոցառումներ: Այս համատեքստում հատկանշական է հիշատակել նաև ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) նախագծի շրջանակում ԵՄՀ և գործընկեր այլ բուհերի ներկայացուցիչների կողմից մշակված Գիտական բարեվարքության ուղեցույցը, ինչպես նաև համալսարանի կողմից պարբերաբար կազմակերպվող տարբեր թեմատիկ վերապատրաստման դասընթացները:

Այդուհանդերձ ժամանակակից տեխնոլոգիական լուծումները կարևոր  դերակատարություն ունեն ակադեմիական միջավայրում գրագողությունն արդյունավետ հայտնաբերելու և կանխելու գործում: Համալսարանների աշխատակազմի ներկայացուցիչները օգտագործելով ՏՏ գործիքներ այժմ կարող են արագ և մանրակրկիտ դիտարկել ներկայացված թեզիսների, հետազոտական աշխատանքների և գիտական հոդվածների տեքստը՝ նպատակ ունենալով հայտնաբերել առանց համապատասխան հղումների այլ աղբյուրներից արտագրված կամ փոխառած հատվածները (գրագողության պոտենցիալ դրսևորումները): Նման տեխնոլոգիական լուծումների օգտագործումը ոչ միայն հեշտացնում է գրագողության բացահայտման գործընթացը, այլ նաև ապահովում է ուսանողների և հետազոտողների կողմից ներկայացված ակադեմիական աշխատանքների ինքնատիպությունը և խթանում է ակադեմիական ազնվության և ինքնատիպության մշակույթի կայացմանը համալսարանական միջավայրում:

Նպատակ ունենալով զարգացնել գրագողության դեմ պայքարի հետևողական աշխատանքը և կատարելագործել ԵՄՀ-ում կիրառվող տեխնիկական գործիքակազմը՝ համալսարանը հյուրընկալել էր ավելի քան 30 երկրների 1500 համալսարաններին, քոլեջներին, դպրոցներին և հրատարակչություններին ծառայություն մատուցող 2002 թվականին հիմնադրված «StrikePlagiarism.com» ապրանքանիշով հայտնի լեհական ընկերության ներկայացուցչին: Ընկերության Կենտրոնական ասիայում բիզնեսի զարգացման տնօրեն Յուլիա Կալչունը մանրամասնորեն ներկայացրեց «StrikePlagiarism.com» հարթակի հնարավորությունները: Համակարգը կարողանում է հայտնաբերել ինչպես ինտերնետում և ձևավորված բազաներում հասանելի հայերեն նյութերի հետ նմանությունները, այնպես էլ այլ լեզուներով գրված և հայերեն թարգմանված դեպքերը:

Հանդիպմանը ներկա ԵՄՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Հետազոտական կենտրոնի ղեկավար Լիա Թևոսյանը, «Բանբեր ԵՄՀ» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի քարտուղար Նունե Ջոմարդյանը և այլ աշխատակիցներ գործնականում դիտարկեցին համակարգի աշխատանքը, միաժամանակ ընկերության ներկայացուցչին ներկայացրեցին հայերեն նյութերի հետ աշխատանքի որոշ առանձնահատկությունների հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց զարգացնել համագործակցությունը և առաջիկայում ԵՄՀ տարբեր ստորաբաժանումներ պիլոտային ռեժիմով կփորձարկեն հակակարգը: