Եվրասիա միջազգային համալսարանի «Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոն»-ը «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ի և «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ համատեղ 2017թ. փետրվարի 24-ին և 25-ին իրականացրեցին «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը:
Նախագծի նպատակն է ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ծանոթացնել աշխատաշուկայի նոր պահանջներին, տրամադրել նրանց մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև զարգացնել նրանց ոչ ստանդարտ մտածողությունը:
«Կարիերայի օրեր» նախագծի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը, Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը և «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Վարդան Ղափլանյանը։
Ելույթների ընթացքում հյուրերը ընդգծեցին միջոցառման կարևորությունը ուսանողների կարիերայի հետագա զարգացման գործում։
Նախագծի առաջին օրը իրականացվեցին «Կարողությունների, հմտությունների բացահայտում և ձևավորում», «Քայլե´նք էթիկայի կանոններին համահունչ», «Կամավորական աշխատանքը որպես խթան հետագա աշխատանքային հարաբերությունների ձևավորման գործում» թեմաներով, իսկ երկրորդ օրը՝ «Առաջին քայլերը աշխատաշուկայում. ինչի՞ց սկսել», «Ինքնադրսևորումը աշխատանքային հարաբերությունների ժամանակ», «Սեփական բրենդի կառուցում՝ սոցցանցեր, ռեզյումե, ուղեկցող նամակ», «Հաղորդակցման հմտություններ» թեմաներով դասընթացներ։
Որպես դասընթացավարներ հանդես եկան «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Վարդան Ղափլանյանը, նույն կազմակերպության փորձագետ Անի Սարդարյանը, Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի փորձագետներ՝ Շահանե Բեգլարյանը և Ալլա Գևորգյանը, Loft HR ակումբի հիմնադիր, Joomag ընկերության Talent Specialist, կառավարման հոգեբան, ՄՌ կառավարման մասնագետ Անի Մարգարյանը և «Գործարար Էթիկա» և «Գործարար Էթիկայի հիմունքներ» գրքերի հեղինակ Թամարա Ավանեսյանը։
Նախագծի մասնակիցներին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանող Գևորգ Ղազարյանը ներկայացրեց Նիդեռլանդներում ISFiT ծրագրի շրջանակներում ձեռքբերված աշխատանքային հարաբերություններում տիրող խտրականությունների վերաբերյալ միջազգային փորձը։
«Կարիերայի օրեր» նախագծին մասնակցեցին ինչպես Եվրասիա միջազգային համալսարանի, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ, երիտասարդ մասնագետներ և շրջանավարտներ։
Եվրասիա միջազգային համալսարանի «Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոն»-ը շնորհակալություն է հայտնում համագործակից ընկերություններին, դասընթացավարներին և նախագծի մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար։
«Կարիերայի օրեր» նախագիծը կրում է շարունակական բնույթ: