Մայիսի 26 2020
101297886 4216684178356740 7441460242560319488 n

Ինստիտուցիոնալ հավատարմագիր ունեցող մասնավոր բուհը «ոտքի է կանգնում»

Եվրասիա միջազգային համալսարանը արտակարգ իրադրության պայմաններում, հարկադրաբար, նույնպես վերաձևափոխեց իր կրթական գործունեության բնույթը: Անընդհատությունից և ուսուցման շարունակականության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դեմ առ դեմ ուսուցման համակարգն իր տեղը զիջեց առցանց և հեռավար ուսուցմանը: Այս խնդիրը լուծվեց այնքան ներդաշնակ, և անցումը կատարվեց այնքան բնականոն, որ ուսանողները որևէ խոչընդոտի չհանդիպեցին, նույնիսկ առանձին դասընթացների գծով ցուցաբերեցին ուսուցման առավել բարձր արդյունավետություն: Տեխնիկական-ծրագրային ապահովվածության բարձր մակարդակը, կիրառվող մեթոդական բազմազանությունը, մասնագետների առցանց ուսուցման նախկինից ունեցած հմտությունները և ընթացիկ վերապատրաստումները հանգեցրեցին բավականին հաջող արդյունքների: Կարծեք թե մեթոդական առումով էական փոփոխություն էլ տեղի չունեցավ․ կենդանի շփումը փոխարինվեց հեռավար ու առցանց ուսուցման, դասախոսը շարունակեց իր աշխատանքը արդեն վիրտուալ լսարանում՝ պահպանելով ուսուցման փոխներգործուն մեթոդաբանությունը: Այս դրական տեղաշարժը հետևանք է տարիներ շարունակ ուսանողների նախասիրություններին համարժեք հետևողաբար ուսուցման ժամանակակից մեթոդների ներդրման, մեթոդական բազմազանության և հատկապես շրջված լսարանային մեթոդի կիրառման բնագավառում ունեցած փորձառության, մասնագետների բարձր մանկավարժական վարպետության և այլն:

Օրերս ՀՀ կառավարությունը հաստատեց բուհերի ընդունելության կարգը և, որպես պետականորեն ինստիտուցիոնալ հավատարմագրված բուհ, Եվրասիա միջազգային համալսարանը մի քանի մասնավոր բուհերի հետ դիտարկվեց առանձին խմբով: Տարիներ շարունակ ձգձգված այս խնդրին պատշաճ վերաբերմունքի ցուցաբերումը, այն էլ բուհերի ընդունելության քննությունների նախաշեմին, կօգնի դիմորդներին բուհի ընտրության հարցում իրենց նախասիրությունները ճիշտ իրացնելու, շատ ավելի ազատ կողմնորոշվելու՝ հաշվի առնելով ֆինանսական, տրանսպորտային- ժամանակային պայմանները: Տեղի ունեցավ շատ օրինաչափ գործընթաց, որովհետև եթե կառավարությունը այս կամ այն բուհի նկատմամբ վստահություն է ցուցաբերում, ապա դիմորդները և նրանց ծնողները նույնպես համարժեք կվերաբերվեն այդ բուհի նկատմամբ: Ցավում եմ, որ մասնավոր բուհերի նկատմամբ ավանդաբար «խորթ զավակի» խտրական քաղաքականություն է տարվել, և չի խթանվել միջբուհական մրցակցությունը։

Այս տարվա դիմորդներին հուշենք, որ պետականորեն միջազգային չափանիշներով ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց անցած Եվրասիա միջազգային համալսարանը օգտվում է պետական բուհերին ընձեռած բոլոր իրավունքներից. պետպատվերի հնարավորություն, պետական վկայականներով շրջանավարտներին որակավորումների շնորհում, ուսանողների համար սահմանված վարկային արտոնություններ ու ուսուցմանը զուգակցված ծրագրերով զինվորական ծառայություն, ոստիկանական, դատական և այլ պետական համակարգերում շրջանավարտների աշխատանքի տեղավորման առաջնահերթություն և այլն:

Այո, ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհի նկատմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության այս անկողմնակալ վերաբերմունքի շնորհիվ միջբուհական մրցակցությունը կարող է ակտիվանալ, որն անպայման դրական հետևանքներ կառաջացնի ուսուցման որակի, հմուտ մասնագետների պատրաստման վրա: Մասնավոր բուհն ունի բազմաթիվ յուրահատկություններ և կարող է առաջ ընթանալ նույնիսկ չնախատեսված իրավիճակներում գործունեություն ծավալելիս: Հիշենք, որ մի ժամանակ թերահավատություն կար նաև մասնավոր դպրոցների նկատմամբ:

Արդեն 2020թ․ դիմորդներին կարող ենք ուրախացնել, որ այս ուսումնական տարվանից Եվրասիա միջազգային համալսարանը առկա ուսուցման դիմորդների համար նախատեսել է բազմաթիվ արտոնություններ: Այսպես, միասնական քննությունից 18-20 միավոր ունեցող դիմորդները կսովորեն անվճար և կստանան նաև կրթաթոշակ, 16-17 միավոր ունեցող դիմորդները նույնպես կսովորեն անվճար, իսկ 13-15 միավոր ունեցող դիմորդների համար սահմանված է 50% զեղչ: Երկկողմանի ծնողազուրկ դիմորդները, հաշմանդամություն ունեցողները, վերջին երկու տարում բանակից զորացրվածները, սահմանամերձ բնակավայրերից դիմորդները նույնպես կօգտվեն անվճար ուսուցման հնարավորությունից (արտոնությունների համակարգը ներկայացված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջում

http://escs.am/am/news/6405…

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր,
աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան