Ս․թ․ նոյեմբերի 6-ին Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի և «Գոյ» կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար` «Ոչ ստանդարտ մտածողություն կամ ինչպես հաղթահարել կարծրատիպերը» թեմայով։
Հանդիպման առաջին մասը վարեց կենտրոնի համահիմնադիր Հասմիկ Հակոբյանը, որը լսարանին ուղղված հարց-պատասխանի և ինտերակտիվ խաղի միջոցով սահմանեց «մտածողություն» հասկացությունը, ծանոթացրեց մտածողության տեսակներին։ Լսարանն ակտիվ քննարկում կազմակերպեց բանախոսի՝ կարծրատիպերը՝ որպես մտածողության քարացած գնահատական (կենցաղում և հարաբերություններում), ներկայացման շուրջ, որից հետո Հասմիկ Հակոբյանն անդրադարձավ ստեղծարար մտածելակերպի ձևավորմանը և կրեատիվ բիզնես գաղափարների ստեղծման մեթոդներին։ Նա լսարանին ուղղորեց սեփական արդյունավետությունը զարգացնելու գործում՝ կարևորելով հստակ նպատակների սահմանումը, գործողությունների արդյունավետության գնահատումը և դրանց իրացման միջավայրը, ժամանակի կառավարումը։
Դասընթացի երկրորդ մասը վարեց «Գոյ» կենտրոնի համահիմնադիր և EVS կամավորական ծրագրերի կոորդինատոր Ստելլա Լոռեցյանը։ Վերջինս հանգամանալից խոսեց Եվրոպական Համերաշխության Կորպուսի ծրագրերի և դրանց սկզբունքների մասին։
Բովանդակալից դասընթացին մասնակցեցին ԵՄՀ և այլ բուհերի ուսանողներ, թեմայով հետաքրքրված անձիք։