Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Կառավարման ամբիոնի հետ համատեղ ս.թ. հոկտեմբերի 18-ին կազմակերպել էր հանդիպում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի և ուսանողների հետ: Ի դեպ, ընկերությունը արդեն երկու տարի է՝ ակտիվ համագործակցում է ԵՄՀ-ի հետ: Հանդիպման սկզբում ընկերության Քանաքեռ-Զեյթուն տարածաշրջանի պատասխանատու Նարեկ Կուլոյանը ներկայացրեց ընկերության պատմությունը, առաքելությունը, ապահովագրական ծառայությունների տեսակները, ապահովագրական պորտֆելը, այնուհետև անդրադարձավ ՀՀ շուկայում ԱՊՊԱ գործակալի դերին, նրա գործառույթներին , իսկ ամփոփիչ մասում ծանոթացրեց գործակալների դպրոցի հետ, որտեղ ուսանողները, մասնակցելով փուլային դասընթացներին և սովորելով վաճառքի հմտություններ, կարող են աշխատանքի անցնել ընկերությունում:
Ուսանողների կողմից զեկուցողին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ԱՊՊԱ շուկային, հաճախորդների հետ պայմանագրերի կնքման գործընթացին, գործակալի գործառույթներին պայմանագրի խզման դեպքում և այլն:
Հիշեցնենք, որ նմանատիպ հանդիպումները կրում են շարունակական բնույթ և նպատակն է՝ աջակցել ուսանողներին ներգրավվել ընկերության աշխատանքներին, ինչպես նաև կողմնորոշվելու աշխատաշուկայում :