HARMONY ծրագրի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանում իրականացվեց Միջազգային համաժողով «Բարձրագույն կրթության միջազգայնացումը. միտումներ և մարտահրավերներ» խորագրով:
Միջազգային համաժողովին ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջազգային բաժնի ղեկավար Անգելինա Հովհաննիսյանի կողմից ներկայացվեց ոլորտում իրականացվող բարեփոխումները և առաջիկա նախագծերը։ Վերջինս հատկապես կարևորեց տարբեր ձևաչափերով արտերկրյա բուհերի հետ համագործակցությունը, որի խթանման համար ԿԳՆ Բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծում կատարել է համապատասխան փոփոխություններ։
Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս + HARMONY ծրագրի շրջանակներում իրականցված հետազոտություն արդյունքները, որի նպատակն է վեր հանել համագործակից երկրների (Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի) բուհական համակարգերի միջազգայնացման ոլորտում առկա խնդիրները:
Հայաստանի բուհական համակարգի միջազգայնացման վերաբերյալ հետազոտության արդյունքները ներկայացրեց ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը, ով համեմատելով պետական, մասնավոր և միջպետական բուհերում առկա միջազգայնացման փորձը, մատնանշեց հատկապես բարելավման ենթակա ուղղությունները։
Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Սյուզաննա Շամախյանը ներկայացրեց ՀՀ բարձրագոււյն կրթական համակարգի միջազգայնացման միտումները և մարտահրավերները՝ ընդգծելով համախմբան և սերտ համագործակցության կարևորությունը՝ ապահովելու ոլորտում առավել նկատելի արդյունքներ։
Բելառուսի պետական համալսարանի, ինչպես նաև Նորարաությունների, տեխնոլոգիաների և կրթության միջազգային կենտրոնի համագործակիցները ներկայացրեցին Բելառուսի և Ռուսաստանի բարձրագույն կրթական համակարգի փորձը, առկա խնդիրներն ու մարտահրավերները։
Հանդիպումն ամփոփեց Ասթոն համալսարանի (Անգլիա) Միջազգային զարգացման բաժնի ղեկավար Անդի Յիփը, ով ներկայացրեց բուհական համակարգի միջազգայնացման գլոբալ միտումները, համաշխարհային հիմնական մարտահրավերները։
Նշենք, միջոցառումը անց է կացվում «Բարձրագույն կրթության, գիտության և նորարարության ոլորտում համապարփակ միջազգայնացման ռազմավարությունների ներդաշնակեցմանը ուղղված մոտեցումների մշակում» Էրազմուս+ ծրագրի շրջանակներում։ Սեվիլիայի համալսարանի (Իսպանիա) գլխավորությամբ ծրագրում մասնակցում են 14 գործընկերներ Անգլիայից, Բելառուսից, Իսպանիայից, Իտալիայից, Հայաստանից, Հունաստանից, Պորտուգալիայից և Ռուսաստանից, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի Կրթության և գիտության նախարարությունները։
Հայաստանը ծրագրում ներկայացնում են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Հայ–Ռուսական համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը։ Համաժողովին մասնակցեցին 60-ից ավելի ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից: