Հինգ երիտասրադ մարզիկ՝ Տիգրան Մովսիսյանը, Սերգեյ Գեւորգյանը, Ռուբեն Սաֆարյանը, Հայկ Աղաքանյանը եւ Վարդան Պետրոսյանը «Եվրասիա» միջազգային համալսարանում կայացած սպորտային միջոցառման ժամանակ սահմանեցին նոր եզակի ռեկորդներ։ Միջոցառումը կազմակերպել էր «Եվրասիա» միջազգային համալսարանի դասախոս, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը։
Մասնակիցներին ողջունեց նաև ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, ով կարևորեց առողջ ապրելակերպի տարածումն ու նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը․«Ցավոք այսօր, բակային խաղերին, առավոտյան վազքին եկել են փոխարինելու նոր տեխնոլոգիաները, բայց ես անչափ կարևորում եմ սպորտով զբաղվելը, առողջ ախրելակերպով ապրելը և այդ իսկ պատճառով է, որ մեր բուհը ընդգծված կարևորություն է տվել սպորտային դաստիարակությանը և պայմաններ ստեղծել, որ ուսանողներն ու աշակերտներն իրենց մարզումները անցկացնեն լավագույնս կահավորված սպորտային դահլիճում։ Ես ուրախ եմ նաև, որ այսօրվա միջոցառումը ներառական է և մենք ականատեսն ենք լինում նոր ռեկորդների սահմանմանը»-ընդգծեց ռեկտոր Օհանյանը։
Վարժությունների բարդությամբ աչքի ընկավ նաև տեղաշարժման դժվարություն ունեցող 18-ամյա Վարդան Պետրոսյանը։ Ձեռքերին հենված՝ նա կարողացավ մարմինը հորիզոնական դիրքում պահել 49.16 վայրկյան․ «Մի օր, երբ շատ էի հուսահատ և ընկճված, որոշեցի սպորտով զբաղվել և սպորտն ինձ տվեց նոր հնարավորություններ՝ ինքնավստահություն և առաջ գնալու կամք։ Պարապում էի տանը, երբ մենակ էի լինում։ Սա իմ առաջին հաստատված արդյունքն է, սակայն ոչ պաշտոնապես կարողացել եմ 50 վայրկյան հավասարակշռությունս պահել։ Նույն վարժությունն արել եմ նաեւ բութ մատներով, սակայն չեմ գրանցել, բայց անպայման հաջորդը դա կլինի»։
«Այսօրվա ռեկորդներից մեկը՝ շվեյցարական ռետինե գնդակի վրա երկու ոտքով կանգնելը աննախադեպ էր, առավել եւս դժվար էր հավասարակշռություն պահելը։ Ինչպես տեսաք իր նախորդ ռեկորդը՝ 40 վայրկյանը գերազանցեց «Եվրասիա» վարժարանի աշակերտ Տիգրան Մովսիսյանը։ Այս անգամ նա կանգնեց 47 վայրկյան։ Դժվար էր նաև հավասարակշռությունը պահել և իրար վրա ժիմ անելը, ինչպես նաև գնդակը մատների վրա 5 րոպե պտտելը։ Այս ռեկորդները ամիսների աշխատանքի արդյունք է »,- նշեց Յուրի Սաքունցը՝ խոստանալով, որ առաջիկայում նման ռեկորդների ականատեսը կլինենք ավելի մեծ կազմով։