«Նորարարության սիներգիա. մտավոր սեփականության նավարկությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով գիտաժողովը նշանավորվեց մի շարք հատկանշական զեկուցումներով
Եվրասիա միջազգային համալսարանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի հետ համագործակցությամբ կայացավ «Նորարարության սիներգիա. մտավոր սեփականության նավարկությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով գիտաժողովը, որն իր շուրջն էր համախմբել ՀՀ և օտարերկրյա բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների, դասախոսների, գիտական ասպիրանտների և այլ միջգիտակարգային հետազոտողների:
Գիտաժողովը գլխավորում էր ապրանքային նշանների հավատարմատար, «Մենք Քոնսալթինգ» ընկերության կառավարիչ-գործընկեր Արթուր Վարդերեսյանը, ով միևնույն ժամանակ հանդիսանում է «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը և ունի տարիների մեծ փորձ՝ մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանության և կիրարկման գործում:
Ներկաներին ողջունեց ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր պրոֆեսոր Սուրենը Օհանյանը՝ ընդգծելով, թե նոր տեխոնոլգիաների դարաշրջանում, որքան կարևոր է մարտահրավերներին պատրաստ լինելը, և թե ինչ նվաճումների կարող է գիտությունը հասնել արհեստական բանականության դարաշրջանում:
Իսկ Մտավոր սեփականության գրասենյակի գյուտերի և արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժնի պետ Ավետիս Պերյանն էլ իր ողջույնի խոսքում ընդգծեց ակադեմիական և քաղաքականություն մշակող մարմինների միջև համագործակցության կարևորությունը:
«Նորարարության սիներգիա. մտավոր սեփականության նավարկությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով գիտաժողովը նշանավորվեց մի շարք հատկանշական զեկուցումներով:
«Արհեստական բանականության իրավական պատասխանատվության որոշ ասպեկտներ» վերտառությամբ զեկույցով հանդես եկավ ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Աշոտ Հայրապետյանը, որին հաջորդեց «Արհեստական բանականությունը՝ հեղինակից մինչև գրագող» հետաքրքրաշարժ զեկույցը, որը համահեղինակությամբ ներկայացրեցին Հայ-Ռուսական համալսարանի դասախոս, ասպիրանտ, «Լոուսյութ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Անի Դավթյանը և «Դիջիթեյն» ծրագրային ապահովման ընկերության համապատասխանության բաժնի պատասխանատու Անժելա Աբրահամյանը:
Զեկուցողները անդրադարձան մի շարք իրավական խնդիրների, որոնք ծագում են արհեստական բանականության օգտագործումից մտավոր սեփականության իրավունքի համատեքստում: Նոր տեխնոլոգիաները «ուսուցանվում են» մտավոր սեփականության իրավունքի բազմաթիվ օբյեկտների օգտագործմամբ, մեծ մասը՝ առանց հեղինակների իմացության կամ վերջիններիս վարձատրություն տրամադրելու։ Արդյո՞ք հեղինակները պետք է փոխհատուցում ստանան: Արդյո՞ք նորարարությունը կտուժի, եթե մշակողները ստիպված լինեն լիցենզիոն պայմանագրեր կնքել արհեստական բանականության «ուսուցանման» համար: Արհեստական բանականությունը կարո՞ղ է համարվել հեղինակ:
Հայ-Ռուսական համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Եվգենյա Նիկողոսյանի զեկույցը վերաբերում էր արհեստական բանականությանը և ստեղծագործությունների նկատմամբ ոչ գույքային իրավունքներին: Զեկույցի ընթացքում նա մանրամասն ներկայացնելով արհեստական բանականության դարաշրջանում ստեղծագործությունների նկատմամբ ոչ գույքային իրավունքների շուրջ ծագած մարտահրավերները՝ սպառիչ պատասխանեց ներկաների հետաքրքրաշարժ հարցերին:
Հաջորդ զեկույցը վերաբերում էր «Աշխատանքային հարաբերությունների ընթացքում արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված (լավարկված) ստեղծագործությունների իրավատիրոջ իրավունքներին և իրավական հետևանքներին», որը ներկայացրեց ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դասախոս, նույն ամբիոնի հայցորդ Մերի Շահբազյանը: Ընտրված թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, թե ինչպես է աշխատավայրում արհեստական բանականության ի հայտ գալն ազդում աշխատանքային հանձնարարությունների կամ պարտականությունների ժամանակ ստեղծված ստեղծագործությունների հեղինակային իրավունքի վրա: Հեղինակը անդրադարձ կատարեց իրավական ասպեկտներին, պայմանագրային դրույթներին և հեղինակային իրավունքի հետ կապված հնարավոր մարտահրավերներին, երբ արհեստական բանականության տեխնոլոգիաները նպաստում են մասնագիտական միջավայրում մտավոր սեփականության ստեղծմանը:
Գիտաժողովի առաջին մասը եզրափակեց Հայաստանի ազգային-պոլիտեխնիկական համալսարանի, Պետական կառավարման ակադեմիայի դասախոս, տեխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շմավոնյանը: Բանախոսի զեկույցի թեման էր «Նանոտեխնոլոգիայի և արհեստական բանականության նորարարական սիներգիան. բարձր տեխնոլոգիաների զարգացման գրավական»: Այսպիսով, գիտաժողովը խթանեց նաև միջգիտակարգային երկխոսությանը:
Գիտաժողովի երկրորդ մասում դասախոս-ուսանող համատեղ զեկույցներով հանդես եկավ ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Լիլիթ Զիրոյանը նույն ամբիոնի բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողուհի Մարինե Կարապետյանի հետ, որոնց զեկույցը վերաբերում էր «Արհեստական բանականության կիրառման առավելություններն ու թերությունները հեղինակային իրավունքի համատեքստում» և ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը համահեղինակությամբ նույն ամբիոնի մագիստրատուրայի «Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտության ուսանողուհի Ամանդա Սարգսյանի հետ «Քրեական պատասխանատվությունը ՀՀ-ում արհեստական բանականության ոլորտում տեղի ունեցող իրավախախտումների դեպքում» թեմայով:
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը հանդես եկավ «Մտավոր սեփականության և բաց հասանելիության հիմնահարցերը արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով զեկույցով, որին հաջորդեց «Առցանց մի շարք գործիքների ստեղծման ու կիրառման վտանգները մտավոր սեփականության իրավատերերի իրավունքների պաշտպանության տեսակետից» թեմայով զեկույցը, որը ներկայացրեց Հայաստանի Եվրոպական համալսարանի դասախոս, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիանա Մանուսաջյանը:
«Արհեստական բանականության իրավական կարգավորման հիմնախնդիրները» առցանց զեկույցով հանդես եկավ Համառուսաստանյան արդարադատության պետական համալսարանի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Անի Ստեփանյանը:
Գիտաժողովն ամփոփեց «Թվային լուծումներ» ՍՊԸ-ի գործընկերային ծրագրի բաժնի պետ Ալինա Մելքոնյանը, որի զեկույցի թեման էր «Արհեստական բանականություն. հեղինակ, թե գործիք» վերտառությամբ հրապարակումը: