Եվրասիա միջազգային համալսարանի կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրերի փորձը ներկայացվեց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում կայացած DEGES նախագծի ամփոփմանը
Հունավրի 25-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում ֆինանսավորված «Եվրոպագիտություն․ իրավունք, կառավարում և հաղորդակցություն» մագիստրոսական համատեղ ծրագրի մշակում» (Developing joint Master’s Programme in European Studies: Law, Governance and Communication (DEGES)) նախագծի ամփոփման միջոցառումը։ Նախագիծը նպատակ ուներ ստեղծել միջառարկայական համատեղ մագիստրոսական նոր ծրագիր։ Վերջինիս իրականացման արդյունքում մշակվել են կրթական ծրագրի միասնական ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերը, ինչպես նաև միասնական ընդունելության, գնահատման, կրեդիտների և աստիճանների փոխճանաչման և այլ ոլորտները կարգավորող ընթացակարգեր և փաստաթղթեր։ Նախագիծը իրականացվել է ԵՊՀ-ի, Վիլնյուսի, Վիձեմեյի, Թբիլիսիի և Լյուբլյանայի համալսարանների համագործակցությամբ։
Եվրոպական համալսարանների միջև ավելի սերտ համագործակցության խթանման նպատակով 1987 թվականին մեկնարկած Եվրոպական միության «Էրազմուս» ծրագիրը ժամանակի ընթացքում վերածվել է «Erasmus Plus» (Էրազմուս+) լայնածավալ նախաձեռնության՝ ընդգրկելով Եվրոպայում և նրա սահմաններից դուրս կրթության, վերապատրաստումների, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության խթանման տարբեր գործողություններ: Առաջարկելով բազմազան հնարավորություններ ինչպես անհատների, այնպես էլ տարբեր հաստատությունների համար բարձրագույն կրթության ոլորտում Եմ “Էրազմուս+” ծրագիրը ներառում է ուսուցման շարժունության խթանման միջոցառումներ, բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացմանը միտված նախագծեր, մագիստրոսական որակյալ ուսումնական ծրագրերի մշակում “Erasmus Mundus Design Measures” գործողության շրջանակում,” մագիստրոսական ինտեգրված ծրագրերի իրականացում “Erasmus Mundus Joint Masters” գործողության շրջանակում և այլն:
Հայաստանյան որոշ բուհեր, այդ թվում՝ Եվրասիա միջազգային համալսարանը, բավականին փորձառու են բարձրագույն կրթության արդիականացմանն ու միջազգայնացման ուղղված ԵՄ Էրազմուս+ կարողությունների զարգացման միջոցառումների շրջանակներում իրականացված ծրագրերի հարցում։ Սակայն DEGES նախագիծն առանձնանում է որպես առաջին նախաձեռնություն Հայաստանում, որն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող “Erasmus Mundus Design Measures” գործողության շրջանակում և այս առումով նախագծի մշակման և իրականացման հարցերի համատեքստում այն նույնպես հետաքրքրական է բուհական համայնքի համար։
Նախագծի ամփոփման միջոցառմանը DEGES նախագծի ղեկավար Քրիստինե Գևորգյանը ներկայացրեց նախագծի արդյունքները, որին հաջորդեց «Համատեղ մագիստրոսական ծրագրերը Եվրոպայում և դրանից դուրս․ ծրագրերի հիմնադրում, մարտահրավերներ և հաջողություններ» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցում էր նաև Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան։ Քննարկման ժամանակ ներկայացվեց նաև Եվրասիա միջազգային համալսարանի կրկնակի դիպլոմով մագիստրոսական ծրագրերի իրականացման փորձը, մասնավորապես՝ Իտալիայի Տուշիայի համալսարանի հետ իրականացվող «Անվտանգություն և մարդու իրավունքներ» կրկնակի դիպլոմի ծրագրի առանձնահատկությունները, ուսումնառության կազմակերպման հիմնական շրջափուլերը ՀՀ-ում և Իտալիայում։ Եվրասիա միջազգային համալսարանը կրկնակի դիպլոմով ծրագրերի իրականացումը դիտարկում է ակադեմիական բազմազանության ամապովման, հետազոտական հնարավորությունները ընդլայնելու, կրթության որակը բարձրացնելու և միջազգային համագործակցությունը խթանելու գործիք։ Քննարկման մասնակիցնեը նշեցին նաև, որ ՀՀ գործող օրենսդրությունը համատեղ նման նախաձեռնությունների իրականացման համար դեռևս ունի որոշ բացեր, որոնք ակնկալվում է, որ կկանոնակարգվեն նոր ոլորտային օրենքի ընդունումից հետո։
Միջոցառման մեկ այլ պանելային քննարկման ընդաթցում դիտարկվեցին նաև համատեղ ծրագրերի որակի ապահովման և հավատարմագրման խնդիրները, որին մասնակցեցին նաև ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը։
Հավելենք նաև, որ Եվրասիա միջազգային համալսարանը Տուշիայի համալսարանի հետ իրականացնում է նաև կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիր «Կառավարում և շրջանաձև տնտեսություն» մասնագիտությամբ, իսկ Վարշավայի տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանի (Warsaw University of Economics and Human Sciences) հետ՝ «Կառավարում» մասնագիտությամբ։