«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Հուշագրի նպատակն է նպաստել աշխատաշուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, նրանց որպես կամավորների ներգրավել կազմակերպությունում և մասնակցել բուհի հետազոտական աշխատանքներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ կազմակերպել շահառուների գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ, դատախաղեր, նմանակումներ (simulations), իրականացնել հետազոտություններ ու քննարկումներ, մասնակցել իրավաբանական կլինիկայի աշխատանքներին:
Կազմակերպությունն իր հերթին կղեկավարի համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի ավարտական կուրսի երկուական ուսանողի ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը, որոնք կվերաբերեն քաղաքացիաիրավական և քրեաիրավական ոլորտներին, ինչպես նաև կկազմակերպի համալսարանի ուսանողների պրակտիկան:
Իր խոսքում Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը նշեց, որ ներառականությունը համալսարանի որդեգրած կարևոր սկզբունքներից մեկն է, և այդ շրջանակներում համալսարանը պատրաստ է աջակցել ազատազրկված անձանց:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը կարևորեց համալսարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ կազմակերպությունն իր կողմից կներդնի առավելագույն ջանքերը՝ արդյունավետ համագործակցության կայացման համար: