ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ KA107 նախագծի շրջանակներում ԵՄՀ աշխատակից Անի Հովասափյանը ս.թ. մայիսի 8-12 մասնակցեց Լեհաստանի Հանրապետության Վարշավայի տնտեսագիտության դպրոցում «Միջազգային վերապատրաստման շաբաթին»: Այս վերապատրաստումը առանձնանում էր նրանով, որ հրավիրվածները ԵՄ անդամ չհանդիսացող, սակայն Էրազմուս+ ծրագրում ակտիվորեն ներգրավված երկրների բուհերի ներկայացուցիչներ էին: Մասնավորապես, բացի Հայաստանից, վերապատրասմանը ներկա էին Կանադայից, ԱՄՆ-ից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից, Կորեայից, Ճապոնիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելոռուսից, Մոլդովայից, Վրաստանից ժամանած 16 մասնակիցներ:
Վերապատրաստման առաջին օրը մասնակիցներին ողջունեցին Վարշավայի տնտեսագիտության դպրոցի պրոռեկտոր պրոֆ. Ջ. Պրոկոպը և Միջազգային կենտրոնի ղեկավար Է. Ֆոնբերգ-Ստոկլուսկան: Այնուհետև վերապատրասման պատասխանատուները մասնակիցներին ներկայացրեցին ընդհանրապես Լեհաստանի բարձրագույն կրթության առանձնահատկությունները և մասնավորապես, որպես օրինակ՝ Վարշավայի տնտեսագիտության դպրոցի ծավալած կրթական գործունեության յուրահատկությունները:
Վերապատրաստման ընթացքում Էրազմուս+ ծրագրերի կարևորության և ընդհանուր դրույթների վերաբերյալ ելույթ ունեցան հյուրընկալող բուհի ներկայացուցիչները : Նրանք մասնակիցների հետ քննարկեցին ուսանողների և աշխատակիցների փոխանակման կազմակերպման, համալսարաններում ուսանողների տեղեկացվածության բարձրացման, մտավոր/հենաշարժական խնդիրներ ունեցող ուսանողների ինտեգրման և այլնի հետ կապված մի շարք հարցեր: Տեղի ունեցան հանդիպումներ միջազգային համալսարանների ներկայացուցիչների և փոխանակման ծրագրերը համակարգողների հետ: Մեկնաբանեցին ինչպես ներկայացնել լավ ծրագրային հայտեր և ինչպես վարել արդյունավետ համագործակցության փաստաթղթավորում:
Վերապատրաստման հիմնական նպատակն էր միավորել գործընկեր և ծրագրային 200-ից ավելի համալսարանների ներկայացուցիչների, ովքեր ներկայացրեցին իրենց բուհերը և հավանական համագործակցության ոլորները:
Վերապատրաստումն անցել է աշխատանքային հագեցած մթնոլորտում, և Ա. Հովասափյանը լիահույս է, որ իր կողմից ձեռք բերված փորձի ներդրումը կնպաստի ԵՄՀ-ի միջազգային գործունեության ընդլայնմանը։
Հիշեցնենք, որ համագործակցությունը Վարշավայի տնտեսագիտության դպրոցի հետ ԵՄՀ հաստատել է դեռ 2015թ. փետրվարից և ակտիվորեն շարունակում է առայսօր. յուրաքանչյուր տարի ԵՄՀ բազմաթիվ ուսանողներ և աշխատակիցներ հնարավորություն են ունենում մեկնել վերոնշյալ համալսարան ուսումը շարունակելու, դասախոսություններ կարդալու կամ վերապատրաստվելու նպատակով: