Դեկտեմբերի 06 2019
IMG 8366 scaled

«Global village» միջոցառումը կամրջեց ազգերի համերաշխությունն ու երկխոսությունը

Այսօր՝ ս.թ. դեկտեմբերի 6-ին, Եվրասիա միջազգային համալսարանում և ավագ դպրոց-վարժարանում տոնական տրամադրություն էր, իսկ պատճառը «Global village» միջոցառումն էր:

Միջոցառման նպատակն էր տարածել հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք, հավասարություն, խրախուսել երկխոսությունը ազգերի միջև, ծանոթանալ տարբեր ազգերի առանձնահատկություններին, սովորույթներին, ազգային երգ ու պարին, նվաճումներին, խոհանոցին։

Միջոցառմանը հրավիրված էին նաև մշակութային կառույցների ներկայացուցիչներ՝ հանձինս Երգի պետական թատրոնի և ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանի, «Free force» պարային ստուդիայի, «Michios» պարային համույթի, որոնց կատարումները լավագույնս գեղեցկացրին միջոցառումը, ինչի համար էլ հանձնվեցին շնորհակալագրեր:

Որպես հյուրընկալող երկիր՝ միջոցառման հանդիսավոր բացումը իրականացրեց Հայաստանի Հանրապետությունը: Միջոցառմանը հրավիրված էին նաև «Օհանյան» կրթահամալիրի աշակերտները, որոնք ներկայացրին Իտալիայի մշակույթն ու խոհանոցը, իսկ որպես հանդիսատեսներ ներկա էին տարբեր դպրոցների աշակերտներ:

Հանդիսավարներ Ահմեդ Աբդուլջաբարի («Ֆարմացիա» մասնագիտություն՝ 2-րդ կուրս) և Շողեր Գալստյանի («Կառավարում մասնագիտություն՝ 2-րդ կուրս) ներկայացմամբ միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն ու անգլերենն էր. այն նաև անցկացվում էր մրցութային սկզբունքով:

Ավարտին ժյուրիի անդամների որոշմամբ մասնակից երկրները հաղթող ճանաչվեցին հետևյալ անվանակարգերում՝
🔸«Նիգերիա» թիմ՝ «Ավանդույթները լավագույնս ներկայացնող»
🔸«Իսպանիա» թիմ՝ «Լավագույն դերասանական վարպետություն», 🔸«Ւտալիա» թիմ՝ «Օհանյան» կրթահամալիր՝ «Լավագույն երգ ու պար»
🔸«Իտալիա» թիմ ԵՄՀ վարժարան՝ «Լավագույն բեմադրություն»
🔸«Հայաստան» թիմ՝ «Լավագույն սցենար»
🔸«Մեքսիկա» թիմ՝ «Տարվա բացահայտում»
🔸«Վրաստան» թիմ՝ «Լավագույն ձևավորում և հումոր»
🔸«Ֆրանսիա» թիմ՝ «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն թիմային աշխատանք»
🔸«Արցախ» թիմ՝ Լավագույն գաղափար

Առանձին տաղավարներով ուսանողները և վարժարանի աշակերտները ներկայացրին Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Արցախի ազգային խոհանոցները:

Միջոցառումն ամփոփվեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի երախտիքի խոսքով: Վերջինս կարևորեց միջոցառումը, որպես հարթակ ազգերի՝ ուսանողների, համախմբության ու ընկերության: Ըստ նրա՝ օրը լի էր նաև բացահայտումներով, որում յուրաքանչյուր մասնակից յուրովի ներկայացրեց իր հերթական ուժեղ ու տաղանդաշատ կողմերը և շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար: