Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է միջբուհական հերթական գիտաժողովը` «Կայուն զարգացման 2030 օրակարգին ընդառաջ» թեմայով:
Գիտաժողովը կներկայանա որպես հարթակ քննարկելու «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի շրջանակներում ՀՀ առջև ծառացած մարտահրավերները թիրախավորելով հետևյալ նպատակները՝
- վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով (նպատակ 1),
- ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից (նպատակ 3),
- ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ (նպատակ 4),
- խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար (նպատակ 8):
Գիտաժողովը կմիավորի ՀՀ և օտարերկրյա կայացած գիտնականներին, հետազոտողներին, ասպիրանտներին նոր գաղափարների և արդյունքների փոխանակման, ինչպես նաև առաջացած գործնական խնդիրների և առաջարկությունների քննարկման համար:
Մասնակիցները. գիտաժողովին մասնակցելու հրավիրվում են ՀՀ և օտարերկրյա բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, գիտական աշխատողներ ու ասպիրանտներ:
Մասնակցության կարգը. մինչև 2019թ. դեկտեմբերի 15-ը research.incubator@eiu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ներկայացվող նյութի հակիրճ նկարագիրը՝ 500-650 բառի սահմաններում` ներառելով հեղինակի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպությունը:
Ելույթի տևողությունը. առավելագույնը 15 րոպե:
Անցկացման վայրը և օրը. գիտաժողովը տեղի կունենա Եվրասիա միջազգային համալսարանի «Տեմպուս» դահլիճում (419 սենյակ) 2019թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին:
Հրապարակումը. ընտրված երեք լավագույն հետազոտություններ կհովանավորվեն տպագրության ԲՈԿ-ի կողմից ճանաչված ամսագրերում:
Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերով կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական ինկուբատորին (010)299077, 249438 (ներքին` 109) հեռախոսահամարներով կամ գրել research.incubator@eiu.am էլեկտրոնային հասցեին (Հասցե՝ Երևան, Ազատության 24/2):