Հոկտեմբերի 22 2018
IMG 0002

Գիտաժողով «Երևանը համայն հայության մայրաքաղաք» խորագրով

Ս/թ հոկտեմբերի 19-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ աշակերտական թվով երրորդ գիտաժողովը, որը կրում էր «Երևանը համայն հայության մայրաքաղաք» խորագիրը: Թեմայի և գիտաժողովի անցկացման ժամանակահատվածը պատահական չէր ընտրված. այս տարի նշում ենք 2800-ամյա  Երևանի ծնունդը:IMG 0418

Սեփականը արժևորելու, գնահատելու, պահպանելու, ինչու չէ նաև տարածելու գաղափարն է ընկած գիտաժողովի հիմքում՝ հին Երևանից մինչև նորօրյան: Ներկայիս սերունդն է ճանաչողն ու ճանաչելի դարձնողը, կրողն ու տարածողը, ուստի նման միջոցառումներն իսկապես օգնում և բացահայտում են աշակերտին սեփական մտքերն ու կարծիքն արտահայտելու, ինչու չէ նաև կայանալու:

Այս անգամ ևս Եվրասիա միջազգային համալսարանը  տասնյակ աշակերտների հնարավորություն տվեց ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու, համադրելու, իրենց ձայնը լսարանին հասանելի դարձնելու:

Գիտաժողովի պաշտոնական բացումը կատարեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Համեմատելով նախորդ տարիների աշխատանքների հետ՝ նա նշեց, որ այս անգամ աշակերտների ինքնուրույն հետազոտությունը գերակշռում է: Աշակերտներին հորդորեց զեկույցները ներկայացնելիս լինել ավելի  անկաշկանդ, համարձակ և բարի ընթացք մաղթեց: Ս. Օհանյանը նշեց նաև, որ այս աշխատանքը եռամյա պատմություն ունի, նախաձեռնել են՝ համոզված լինելով, որ մտածողություն է փոխվելու: Եվ, այո՛, փոխվել է այդ մտածողությունը:

IMG 9896Ելույթով հանդես եկավ նաև Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր Իրինա Բաբայանը, ով ևս ողջունեց երիտասարդ հետազոտողներին և շնորհավորեց նրանց: Նա նշեց, որ այսօր աշակերտները մի նոր բանալի ձեռք բերեցին կրթության բնագավառում, և որ այսօրը  շատ մեծ հնարավորություն է:

Զեկույցների ներկայացումներից հետո ԵՄՀ ռեկտորը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց բոլորին փայլուն ելույթների համար: Ընդգծեց, որ այսօր երեխան գնահատվելու, արժևորվելու կարիք ունի: Այսօրվա երեխաները հավատում են, որ այս երկիրն իրենցն է, այս երկրի մասնիկն են իրենք: Չթաքցնելով հիացմունքը՝ նշեց, որ երեխաները փայլուն ելույթ ունեցան, որ նրանք արդեն լիովին պատրաստ են ավելի լուրջ հետազոտություններ կատարելու: Շնորհակալություն հայտնեց աշակերտներին, որ նրանք իրենց կենսագրությունն ինչ- որ չափով կապեցին ԵՄՀ-ի պատմության հետ, մանկավարժներին՝ նրանց հետևողական և բարեխիղճ աշխատանքի համար, և որ երեխաների հիանալի ելույթները գնահատական են նաև նրանց համար: Ելույթների արժանացած թվով 17 զեկույցներն էլ արժանի են տպագրության և լույս կտեսնեն առանձին գրքով:

Վերջում բոլոր աշակերտները հավաստագրեր ստացան և լուսանկարվեցին: