Իրավագիտության ամբիոնի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 31-ին կազմակերպվել էր «Որդեգրման գործընթացը պրակտիկայում» թեմայով ամենամյա գիտագործնական սեմինար, որը վարեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հոգաբարձության և խնամակալության մարմնի աշխատակից Անուշ Սարգսյանը:
Քննարկվեց ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 18-րդ գլուխը, որը վերաբերում է
երեխաների որդեգրմանը (դստերագրմանը): Սեմինարավարի կողմից մեջբերվեց այն տեսակետը, որ չնայած երեխաների որդեգրման ինստիտուտը ամրագված է ՀՀ Ընտանեկան իրավունքում, այնուամենայնիվ, մեր երկրում դեռևս առկա են որդեգրման ընթացակարգերի ու իրավական հետևանքների տարբերություններ: Քննարկվեց օրենքի այն նախագծերը, որոնց ընդունմամբ կլուծվեն ՀՀ-ում որդեգրման առկա ընթացակարգերի և իրավական հետևանքների վերաբերյալ ինչպես իրավական, այնպես
էլ գործնական մի շարք խնդիրներ:
Եվրոպական բազմաթիվ երկրների օրինակներով ներկայացվեց որդեգրման գործընթացի վերաբերյալ պետական վերահսկողական տեսչական մարմնի ներդրման դերի կարևորությունը:
Մատնանշվեց նաև վարչական շրջաններում գործող խնամակալության և հոգեբարձության մարմինների կարևոր և նպատակային գործունեությունը` երեխաների որդեգրման գործընթացի առնչությամբ:
Գիտագործնական սեմինարը ամփոփվեց մի շարք հետաքրքրաշարժ հարցադրումների ընդգրկուն պատասխաններից հետո:
Հավելենք, որ սեմինարին ներկա էին իրավագիտության ամբիոնի դասախոսական կազմը և թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ: