Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ «ՀՀ աշխատանքային օրենսդրության գործնական կիրառումը կազմակերպությունների կողմից» թեմայով 2016-ի նոյեմբերի 28-ին իրականացվեց գիտագործնական սեմինար, որը վարեց ԵՄՀ Կարիերայի զարգացման և գործատումների հետ կապի կենտրոնի պատասխանատու, իրավագիտության ամբիոնի դասախոս Մերրի Շահբազյանը:
Բանախոսը անդրադարձ կատարեց աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատողի տարիքին, աշխատանքային պայմանագրի և անհատական իրավական ակտի հարաբերակցությանը, մինչև 14 տարեկան անչափահասների աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորմանը, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերին և աշխատողին ծանուցելու ժամկետներին, և այլն։
Սեմինարավարը համեմատական վերլուծություն անցկացրեց աշխատանքային օրենսդրության և դրա գործնականում կիրառելիության ժամանակ ծագող հիմնախնդիրներին։ Մեջբերվեց այն միտքը, որ օրենսդրությունում առկա հակասությունները և տեսաբանների տարաբնույթ մեկնաբանությունները գործատուի կողմից ոչ ճիշտ ընկալելու կամ կիրառելու արդյունքում տեղի է ունենում աշխատողի իրավունքների և ազատությունների սահմանափակում։
Մ.Շահբազյանը նշեց, որ աշխատանքային օրենսդրության հստակեցման և կարգավորման անհրաժեշտություն է առաջացել, ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի տեսանկյունից։
Գիտագործնական սեմինարի ընթացքում հնչեցին տեսական և գործնական նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Գիտագործնական սեմինարին մասնակցում էին իրավագիտության ամբիոնի դասախոսները, ինչպես նաև թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ: