ՔՈՎԻԴ-19 համաճարակը, աշխարհում աղետալի հետևանքներից բացի, կրթական համակարգում թողեց դրական հետք` նպաստելով նոր և առաջանցիկ զարգացումների: Մասնավորապես` տարիներ շարունակ ՀՀ բարձրագույն կրթական համակարգում գրեթե գոյություն չունեցող կամ հատվածավորված ու ոչ համակարգված հեռավար կրթությունն այլևս դարձավ անհրաժեշտություն:
Եվրասիա միջազգային համալսարանը, կարևորելով հեռավար կրթությունը,` դեռևս 2009 թվականից ներդրել էր հեռավար կրթության տարբեր հարթակներ (MOODLE, i-test և այլն), որոնք կիրառվում էին ուսուցման և ուսումնառության ընթացքում: ՔՈՎԻԴ-19 համաճարակը նախադրյալներ ստեղծեց Եվրասիա միջազգային համալսարանում վերանայելու հեռավար կրթության առկա փորձը, ինչպես նաև ներմուծելու առցանց ուսուցում: Աշխատակազմը կարճ ժամանակահատավածում կարողացավ ադապտացնել առկա ռեսուրսները` հասանելի դարձնելով նաև առցանց ուսուցման համար: Վերոնշյալ գործընթացին ընդառաջ՝ կարճ ժամանակահատվածում վերապատրաստվեցին համալսարանի բոլոր դասախոսները, և այսօր արդեն համալսարանի մասնագիտական ամբիոնները շարունակում են կրթական գործունեությունն առցանց՝ չշեղվելով դասավանդման հաստատված ծրագրերից, ուսումնական պլաններից և դասատախտակներից: Դասերը ձայնագրվում են, և այն ուսանողները, ովքեր տվյալ պահին չեն կարողացել միանալ դասին, հնարավորություն ունեն թեմաներն ուսումնասիրելու իրենց համար առավել նախընտրելի ժամին:
Եվրասիա միջազգային համալսարանն առաջիններից էր, որ ուսուցման գործընթացը տեղափոխեց առցանց տիրույթ և, ամփոփելով վերջին շաբաթների փորձը, կարող ենք արձանագրել, որ թե՛ ուսանողների և թե՛ դասախոսական կազմի համար այն իսկապես յուրօրինակ սկիզբ էր՝ ժամանակի մարտահրավերներին ընդառաջ: Դասախոսական կազմը պատրաստել է մի շարք հեռավար դասընթացներ (տեսադասերով և անհրաժեշտ բովանդակությամբ), որի միջոցով բուհը նպատակ ունի ամբողջությամբ վերափոխելու և բարձրացնելու հատկապես հեռակա կրթության որակը:
Մինչ այժմ բուհի փորձն առավել հեռավար ուսուցման ոլորտում էր, և առցանց դասընթացների իրականացումը հիմնականում համաճարակով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումների արդյունք էր: Բուհի մեթոդական խորհրդի որոշմամբ, սակայն, առցանց դասընթացները հետայսու կկազմեն ուսումնական գործընթացի անքակտելի մասը. դասերին հնարավորություն կունենան մուտք գործելու մարզերից ուսանողներ, գործատուները կվարեն վարպետության դասեր` առանց աշխատանքից կտրվելու և այլն:
Չնայած COVID 19 ՔՈՎԻԴ-19 -ի պատճառով երկրում ստեղծված իրավիճակին, ԵՄՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև մեթոդական խորհուրդը շարունակում են ուսումնասիրել ժամանակի նորարարությունները և ներդնել դրանք ամենօրյա աշխատանքում։
Գիտակցելով երկրում առկա իրավիճակը` Եվրասիա միջազգային համալսարանն անվճար հասանելի է դարձնում ավելի քան 40 առցանց դասընթաց` ի աջակցություն միջին մասնագիտական հաստատությունների, մարզերի ուսանողների, հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր ստեղծված իրավիճակում հնարավորություն չունեն մասնակցելու առցանց դասընթացների: Բուհը պատրաստակամ է կիսել հեռավար և առցանց դասընթացների մշակման և կառավարման փորձը համագործակից կառույցների հետ, որի առաջին քայլը կմեկնարկենք անվճար առցանց դասընթացների տրամադրմամբ:
Առաջարկվող առցանց դասընթացների ցանկն ըստ մասնագիտությունների ներկայացված է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3e89mow:
իսկ դասընթացներին մասնակցելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ
https://eiu.am/events/free-online-courses/ հղումով: