Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Եվրասիա միջազգային համալսարանում ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը:
Օրը սպասված էր ոչ միայն ակադեմիական կրթության նոր աշխարհ մուտք գործողների, այլ նաև շրջանավարտների համար:
Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմների հանձնման արարողությունը։
Միջոցառման մասնակիցներին առաջինը ողջունեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը.
«Հարգելի´դիմորդներ՝ արդեն ուսանողի կարգավիճակում երիտասարդներ,
կրթությունը երկկողմանի գործընթաց է, որը կառուցվում է ազնիվ գործունեության դաշտում: Երբ երկու կողմերը՝ կրթվողը և կրթական գործունեություն իրականացնողը, ազնիվ են գործում, նշանակում է այն կրթական ծրագրերը, որոնք մենք այսօր նկատի ենք ունենում, իրականություն է դառնում: Այսօր բազմիցս լսեցիք «մրցունակ գիտելիք» արտահայտությունը: Այսօրվա ուսանողը հասկանում է, որ պիտի լինի մրցունակ մասնագետ: Մեր կողմից ստեղծված կրթական դաշտի՝ վերանայած կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների ու տեխնոլոգիաների շնորհիվ մենք պարտավորվել ենք պատրաստել մրցունակ շրջանավարտներ՝ ժամանակակից աշխատաշուկային համապատասխան բազմակողմանի զարգացած մասնագետներ, որոնք հեշտությամբ իրենց տեղը կգտնեն աշխատաշուկայում, իսկ հետագայում կդառնան գործատու:
Համալսարանը հագեցրել է լսարանները նաև նոր տեխնիկական միջոցներով՝ այսպիսով նպաստելով կրթական գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Համոզված ենք, որ շնորհիվ արհեստավարժ պրոֆեսորադասախոսական թիմի՝ դուք կմոտիվացվեք սովորելուն, կլինեք ինքնանախաձեռնող, կստեղծեք սեփական նախագծեր և կդառնաք առավել ինքնուրույն ու բանիմաց մասնագետներ։ Եվ հիշե´ք, այնտեղ, որտեղ կա որակ, կա հաջողություն։ Բարի՛ գալուստ Եվրասիա միջազգային համալսարան և բարի՛ երթ»։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ.գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը։
Միջոցառման ընթացքում 2020-2021 ուստարվա ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացան «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների, որոնք նախատեսված են առաջին կիսամյակի համար: Ուսանողներին կրթաթոշակները անձամբ հանձնեց բուհի ռեկտորը:
Նրանք էին.
- Սյուզաննա Գրիգորյան («Իրավագիտություն» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 100% զեղչ),
- Էդգար Մանուչարյան («Իրավագիտություն» մասնագիտություն, 3-րդ կուրս՝ 90% զեղչ),
- Քրիստինա Սերոբյան («Կառավարում» մասնագիտություն, 3-րդ կուրս՝ 80% զեղչ),
- Անժելիկա Ավետիսյան («Կառավարում» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 70% զեղչ),
- Հելեն Դադայան («Կառավարում» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 60% զեղչ),
- Սոֆի Մկրտչյան («Իրավագիտություն» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 50% զեղչ):
Հավելենք, որ միջոցառումը վարեց ԵՄՀ «Լրագրություն» կրթական ծրագրի պատասխանատու Տիգրան Հարությունյանը: