Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Եվրասիա միջազգային համալսարանում տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: Բարձր տրամադրությամբ և անսահման ոգևորվածությամբ համալսարանի դռները բացեցին բուհի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Օրը հատկապես բացառիկ էր ակադեմիական կրթության նոր աշխարհ առաջին անգամ մուտք գործող ուսանողների համար:
Կողմնորոշման օրվա միջոցառման շրջանակում տարեսկզբի մեկնարկը ազդարարեցին ԵՄՀ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները՝ Կառավարում մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներ Քրիստինա Անտոնյանը և Մարիամ Թորոսյանը, որոնք նորեկներին ծանոթացրին բուհի ստորաբաժանումներին և միջավայրին։
Ողջույնի իր խոսքով հանդես եկավ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը․ «Ողջունում և շնորհավորում եմ գիտության, գրի, դպրության օրվա առթիվ։ Այս օրը համաժողովրդական տոն է ․ մաղթում եմ, որ այն նպատակները, որոնք դրել եք ձեր առջև, անպայման իրականություն դառնան։ Կարևոր և վճռական է այս փուլը՝ որպես սկիզբ գիտելիքների շտեմարանի կազմավորման ու ամրապնդման, և հավաստիացնում եմ, որ բուհի ընտրության հարցում կատարել եք ճիշտ ընտրություն։ Սա այն կրթական միջավայրն է, որն ընձեռում է բացառիկ հնարավորություններ բոլոր այն շահագրգիռ անձանց, ովքեր ցանկություն ունեն բարձունքների հասնելու ուսումնառության ընթացքում: Հավատացե´ք՝ կրթությունը բուհին վստահելը պարտավորեցնող է առաջին հերթին համալսարանի համար, և ամեն ինչ արվելու է, որպեսզի ձեր իսկ առաջադրած կրթական ծրագրերը իրականություն դառնան։ Այստեղ ստեղծագործական միջավայր է, որի հիմքում ընկած է մրցակցային աշխատանքը։ Շնորհիվ ԵՄՀ թիմի՝ դուք կստանաք ժամանակակից աշխատաշուկային համարժեք գիտելիքներ, ձեռք կբերեք հմտություններ։ Հիշե´ք, այնտեղ, որտեղ կա որակ, կա հաջողություն։ Բուհի վերահավատարմագրումը ասածիս լավագույն ապացույց է»։
Ուսանողներին ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ուղղեցին նաև «Իրավագիտություն», «Կառավարում», «Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտությունների գծով ամբիոնների վարիչներ՝ համապատասխանաբար, Ռ. Պետրոսյանը, Ա. Մարտիրոսյանը, Ս. Հակոբյանը։
Իր խոսքում Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը նշեց ԵՄՀ ձեռքբերումներն ու հաջողությունները, հակիրճ ներկայացրեց նոր ուստարվա անելիքները, ներկայացրեց միջազգային ծրագրերին մասնակցած ուսանողների հաջողությունները։
Ողջույն խոսքով հանդես եկավ «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի ուսանող, ազգությամբ նիգերացի Պիտեր Վիսենթը, որը գոհունակություն հայտնեց ԵՄՀ-ի իր կրթությունից և նշեց, որ ԵՄՀ-ում ստացած կրթության իր փորձը տարածել և շարունակելու է տարածել իր ընկերների շրջանում։
Միջազգային կապերի բաժնի պատասխանատու Ն. Ջոմարդյան ներկայացրեց միջազգային բուհերի հետ համագործակցությունները և տարեցտարի օտարերկրյա ուսանողների թվի ավելացումը Եվրասիա միջազգային համալսարանում, ինչը փաստում է համալսարանի նկատմամբ հետաքրքրությունների շրջանակի մեծացումը: Նա ԵՄՀ մագիստրատուրա նոր ընդունված ուսանողներին խրախուսեց դիմելու վերջերս հայտարարված Վարշավայի բնական գիտությունների համալսարանում Էրազմուս + ծրագրի շրջանակներում փոխանակման ծրագրին։ Ն․ Ջոմարդյանը իր խոսքում կարևորեց նաև մենթորական աշխատանքը և շնորհակալագրեր հանձնեց 2018-2019 ուստարում ակտիվ գործունեություն ծավալած մենթոր-ուսանողներին։
Միջոցառման ավարտից հետո, ըստ օրակարգի, համալսարան նոր ընդունված ուսանողները ստացան իրենց ավանդական փաթեթները և էլեկտրոնային MOODLE համակարգի իրենց անհատական կոդերը: Յուրաքանչյուր ամբիոնի կողմից կազմակերպվեցին լսարանային աշխատանքներ:
Հագեցած օրն ամփոփեց խմբային լուսանկարը: