Մարտի 14 2016
admin

«Ես միշտ կպահեմ «հայկական» փորձառության հրաշալի հիշողությունները»

Փետրվարի վերջին Իտալիայից ուսանողուհի Մաքսիմիլիանա Սթանչեւան ավարտեց ուսուցումը Եվրասիա միջազգային համալսարանում: Նա սովորում էր ԵՄՀ-ում` ուսանողական փոխանակման ծրագրով: Անցած 5 ամիսներին Մաքսիմիլիանան, ուսմանը զուգահեռ, իր համար բացահայտեց նաեւ հայկակական մշակույթը:

«Սկզբում մի քիչ վախենում էի միայնակ գալ Հայաստան, բայց ամբողջովին բաց էի նոր հնարավորությունների համար, ցանկանում էի նոր մշակույթի մասին իմանալ: Առաջին օրերին մի քիչ տարիօրինակ էր տեսնել երիտասարդ տարիքում ամուսնացած աղջիկների: Բայց հետո հասկացա, որ դա ավանդույթ է՝ կարելի է նաեւ ամուսնանալ վաղ տարիքում, հետո ուսանել, եւ ինչու չէ՝ գոհացուցիչ աշխատանք ունենալ: Ինձ համար ամենագնահատելի արժեքներից մեկն ընտանիքի գաղափարն է եւ որ անկախ ամեն տեսակ խնդիրներից  բարեկամները շատ մոտ են միմյանց, մտերիմ են եւ պատրաստակամ փոխադարձ օգնության»,-ասում է Մաքսիմիլիանա Սթանչեւան:

2954 2.

ԵՄՀ աշախատակիցների հետ եւ  ուսանողական խերհուրդի հետ Մաքսիմիլիանան այցելեց  Գառնիի հեթանոսական տաճար, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ եւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Նա ծաղիկներ դրեց 1915 թ­ին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

2955 3.

«Իսկապես շատ զարմացած էի, երբ տեսա, որ Հայաստանը հնագույն մշակույթ ունի եւ մինչեւ այժմ էլ այն պահպանում է: Հաճելի էր այն փաստը, որ մարդիկ շատ հեշտությամբ օտարերկրացիներին իրենց տուն են հրավիրում՝ մեկ բաժակ թեյի կամ զրուցելու: Իտալիայում, օրինակ, սա բավականին անսովոր է: Սովորաբար մեզ մոտ մարդիկ ընտանիքների են հրավիրում իրենց տուն կամ ընկերներին հանդիպում ռեստորանում կամ սրճարանում: Ամեն դեպքում, հրաշալի էր բացահայտել, որ հայերը շատ հյուրընկալ են: Իմ կարծիքով, Եվրոպայում մենք պետք է սովորենք եւ տարածենք այս արժեքները»:

Մաքսիմիլիանա Սթանչեւան Հայաստան էր ժամանել 2015-ի հոկտեմբերին: Նա մեկ կիսամյակ սովորեց Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների ու գրականության ֆակուլտետի 2-րդ կուրսում: Մաքսիմիլիանան Իտալիայի Տուշիա համալսարանի «Ժամանակակից լեզուներ և մշակույթներ» ֆակուլտետի ուսանողուհի է, Հայաստանում էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս Մունդուս ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակում:

2956 4.

 

«Սովորաբար չեմ սիրում, երբ ինձ օգնում են: Ես ուժեղ բնավորության տեր եմ: Առաջին օրերին օգնություն ստանալը պարզապես զայրացնոx էր: Հայաստանում սովորեցի, որ երբ օգնում են` դրա մեջ վատ բան չկա: Անկասկած, հայերը շատ պատրաստակամ են: Զարմանալի էր, երբ քայլում էի քաղաքով եւ տեսնում տղամարդկանց, ովքեր օգնում են կանանց, երբ երիտասարդները քաղաքային տրանսպորտում զիջում են իրենց տեղը ծերերին. սա հարգանքի նշան է, սա մի բան է, որը ես իսկապես կկարոտեմ»,-ասում է Մաքսիմիլիանան:

Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում Մաքսիմիլիանան նաեւ ԵՄՀ ուսանողների համար իտալերենի դասընթացներ էր անցկացնում, հասցրեց նաեւ մի փոքր հայերեն սովորել: Լեզուների փոխանակումն օգնեց ավելի լավ հասկանալ մշակույթը, սովորություններն ու մարդկանց:

Մաքսիմիլիանան «Թարգմանության տեսական արժեքը եւ թարգմանական ռազմավարությունները» հոդվածով մասնակցեց նաեւ ԵՄՀ ամենամյաուսանողական գիտաժողովին:

2957 5.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր պարոն Օհանյանին, ԵՄՀ անձնակազմին եւ բոլոր ուսանողներին՝  հրաշալի կիսամյակի համար: Մաղթում եմ ձեզ բոլորիդ լինել միշտ դրական եւ պայքարել ձեր աշխատանքի համար, եւ կտեսնեք, որ հաջողությունը կգա: Հուսով եմ, դուք հոգ կտանեք ձեր ավանդույթների մասին՝ անգամ աշխարհի մեկ այլ անկյունում, քանզի հայերը իսկապես արդար եւ ուժեղ մարդիկ են»:

2958 6.

«Ես միշտ կպահեմ «հայկական» փորձառության հրաշալի հիշողությունները եւ հաճելիորեն կժպտամ՝ լավ հուշերի մասին մտածելով»,-եզրափակում է Մաքսիմիլիանան: