Ուսանողների կողմից կատարած հետազոտական աշխատանքները ամփոփվեցին ավանդույթ դարձած ամենամյա ուսանողական գիտաժողովում, որը այս անգամ տեղի ունեցավ 2016թ․ դեկտեմբերի 16-ին։ Գիտաժողովի պաշտոնական բացմանը իր ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, ով գոհունակություն հայտնեց գիտաժողովին ուսանողների մասնակցության համար և կարևորեց ուսանողական գիտաժողովի աշխատանքները ԵՄՀ գիտական գործընթացներում։
Ուսանողական գիտաժողի պլենար նիստը վարում էր ԵՄՀ ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը, մասնակցում էին ինչպես ԵՄՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը, այնպես էլ փոխհամագործակցության շրջանակներում համագործակից բուհերի ուսանողները և համագործակից կազմակերպությունների ներկայացուցիչները:
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի ասպիրանտ Ռոզալիա Շահբեկյանը, ով իր հետազոտական աշխատանքը իրականացնում է ՀՀ-ում՝ ԵՄՀ բուհի շրջանակներում, հանդես եկավ «Դրամավարկային քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, այնուհետև իրենց հետզոտությունները ներկայացրեցին ԵՄՀ ասպիրանտները։
Գիտաժողովը իր աշխատանքները շարունակեց տնտեսագիտության, իրավագիտության, օտար լեզուների և գրականության բաժիններով։ Տնտեսագիտության բաժնում աշխատանքները վարում էր Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման և ՏՏ ամբիոնի վարիչ՝ տ․գ․թ, դոցենտ Աշոտ Մարդոյանը, իրավագիտության բաժնում՝ իրավագիտության ամբիոնի վարիչ՝ ի․գ․դ․, պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանը, օտար լեզուների և գրականության բաժնում՝ օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ՝ բ․գ.թ․ Սոնա Հակոբյանը։ Յուրաքանչյուր բաժնում ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտական-վերլուծական աշխատանքները տարբեր թեմաներով։ Յուրաքանչյուր զեկուցողին ուղղվեցին տարաբնույթ հարցեր իր կատարած հետազոտության շրջանակներում։ Գիտաժողովին զեկույցները ներկայացրեցին ոչ միայն ավարտական կուրսերի ուսանողները, այլ նաև ԵՄՀ երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները:
Իրավագիտության բաժնում զեկույցով հանդես եկավ համագործակից ՀՀ ՊՆ Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսանող՝ կուրսանտ Հենրի Մատինյանը, ով ներկայացրեց «Հայ-լեհական հարաբերությունների արդի միտումները» թեման:
Գիտաժողովի աշխատանքները ամփոփվեցին վկայականների հանձնման արարողությամբ։
Հավելենք, որ գիտաժողովը կրում է ամենամյա բնույթ, միտված է խրախուսելու և ակտիվացնելու ուսանողների գիտահետազոտական գործունեությունը։
Դեկտեմբերի
16
2016