Նոյեմբերի 05 2019

Կրկին Էրազմուսի մասին… իրենց փորձով են կիսվում Իսպանիայից և Լեհաստանից վերադարձած ԵՄՀ ուսանողները

Այսօր՝ ս․թ․նոյեմբերի 5-ին, ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ  կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում 2018-2019 ուստարում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցած ուսանողների մասնակցությամբ: Այս անգամ իրենց տպավորություններն ու փորձը մյուսների հետ կիսեցին՝

Շուշանիկ Խանամիրյանը («Օտար լեզու և գրականություն» մասնագիտություն՝ 3-րդ կուրս),48390418 343111619851652 7901098988219138048 n

Միլենա Կարապետյանը («Օտար լեզու և գրականություն» մասնագիտություն՝ 4-րդ կուրս),

Լուսինե Նավոյանը («Կառավարում»  մասնագիտություն՝ 4-րդ կուրս)։

Հանդիպումը սկսեցին Շուշանիկն ու Միլենան, որոնք իրենց ուսումնառության մեկ կիսամյակը շարունակել էին Իսպանիայի Վալենսիա համալսարանում, իսկ հանդիպման երկրորդ մասում իր փորձով կիսվեց Վարշավայի Տնտեսագիտության համալսարանում ուսանած Լուսինեն։  Ուսանողները խոսեցին հաղթահարած խոչընդոտների և նվաճումների մասին ու այդ փորձի հիման վրա խորհուրդներ տվեցին մյուսներին: Շուշանիկն ու Միլենան ներկայացրին օտար լեզուներ  մասնագիտության, իսկ Լուսինեն կառավարում մասնագիտության շրջանակներում ընտրած կրթական ծրագրերը, դրանց դասավանդման և գնահատման համակարգերը, քննությունների անցկացման կարգերը, հյուրընկալած բուհերի առանձնահատկությունները: Առավել ուշագրավ էր վերջիններիս ներկայացրած առաջարկները, որոնք վերաբերում էին թիմային աշխատանքների արդյունավետ կատարմանը, նոր տեղեկատվական գործիքների կիրառմանը: Ուսանողները առաջարկեցին հետագայում այդ մասին առավել հանգամանալից խոսել ավելի մեծ լսարանի մոտ:

Քննարկման մասնակիցներին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն էր համեմատական զուգահեռներ անցկացնել հյուրընկալող բուհերի և ԵՄՀ-ի միջև՝ ուսումնական գործընթացների տարբերությունները պարզաբանելու համար:

Հիշեցնենք, որ կլոր-սեղան քննարկմանը ներկա էին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց հուզող որոշակի հարցեր։