Էրազմուս Մունդուս միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը Վարշավայի բնական գիտությունների համալսարանում մեկ ակադեմիական տարի անցկացրած կառավարման ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նինա Այդինյանը 2016թ. դեկտեմբերի 5-ին ներկայացրեց զեկույց «Որոշումների կայացման գործընթացները կազմակերպություններում» թեմայով: Նախքան զեկույցը սկսելը` Ն. Այդինյանը անցկացրեց համեմատական զուգորդումներ Եվրասիա միջազգային համալսարանի և Վարշավայի բնական գիտությունների համալսարանի կրթական գործընթացների կազմակերպման շուրջ, ուսանողներին ներկայացրեց նաև իր միջազգային ուսումնառությունը:
Բանախոսը զեկույցի ներածական մասում ներկայացրեց որոշումների ընդունման տեսակները, ձևերը և այն գործոները, որոնք ազդեցություն ունեն որոշումների ընդունման գործընթացում: Այնուհետև նա շեշտը դրեց հիմնականում կազմակերպություններում որոշումների կայացման նպատակով խնդիրների սահմանմանը, դրանց լուծմանն ուղղված այլընտրանքների հստակեցմանը և արդյունավետ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ գործիքների կիրառմանը: Տեսական նյութը առավել ըմբռնելի դարձնելու նպատակով Ն. Այդինյանը, ուսանողների անմիջական օգնությամբ, առաջադրեց խնդիր և խնդրի լուծման այլընտրանքներ` փորձելով ցույց տալ դրանցից յուրաքանչյուրի դրական և բացասական կողմերը, որոնք իրենց հերթին նպաստում են արդյունավետ որոշման կայացմանը:
Ներկայացված թեմայի շուրջ ծավալվեց բուռն քննարկում-բանավեճեր, ինչը փաստեց ուսանողների կողմից ցուցաբերած հետաքրքրությունը:
Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին համալսարանի ուսանողները, մագիստրանտները և պրոֆեսորադասախոսական կազմը: