Հուլիսի 02 2019
IMG 2693

ԵՄՀ թիմին միացել է Աննա Մարտիրոսյանը՝ որպես Կառավարման ամբիոնի վարիչ

Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ ԵՄՀ թիմին միացել է Աննա Մարտիրոսյանը՝ որպես Կառավարման ամբիոնի վարիչ։ Փնտրում էինք և գտանք ՆՈՐԱՐԱՐ, արևմտյան կրթությամբ և արժեհամակարգով հմուտ մասնագետ, որն արդեն իսկ ծանոթացել է ամբիոնի գործունեությանը, հստակեցրել է ամբիոնի զարգացման տեսլականը և ուղղությունները։

Աննա Մարտիրոսյանն ավարտել է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և վարկ բաժինը (կարմիր դիպլոմով), «Լույս» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրով ուսանել է Լոնդոնի Համալսարանական Քոլեջում և ստացել տնտեսագիտության մագիստրոսի կոչում: Այնուհետև ուսումնառել է Էդինբուրգի Հերիոթ-Վաթթ համալսարանում՝ որպես ասպիրանտ: Աշխատել է «Էյչ Էս Բի Սի Բանկ»-ում, սկզբում Հաճախորդների սպասարկման, այնուհետև՝ ֆինանսական բաժնում: Այնուհետև աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ֆինանսական սեկտորի զարգացման ծրագրում»՝ որպես ֆինասնական շուկաների ավագ փորձագետ, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Օրենսդրական կարգավորման ազդեցությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական ծառայություններ է մատուցել Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանը:


2014-2016թթ աշխատել է դասախոսի օգնական Էդինբուրգի Հերիոթ-Վաթթ Համալսարանի տնտեսագիտության ամբիոնում, դասավանդել է միկրոտնտեսագիտություն և մակրոտնտեսագիտություն:
2017 թ-ից աշխատել է Հայ- Ռուսական (Սլավոնական) համալսարանի Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնում՝ որպես տնտեսագիտության դասախոս:
2017-2018թթ աշխատել է նաև Հայաստանում Ֆրանսիական Քոլեջ Հիմնադրամում՝ որպես տնտեսագիտության և ֆինանսների դասախոս, Եվրոպական Քոլեջում դասավանդել է անգլերեն տնտեսագետների և կառավարման մասնագետների համար:

Վերջին տարիներին Հայաստանի համայնքների միությունում աշխատել է որպես ֆոնդհայթհայթման պատասխանատու, ինչպես նաև իրականացրել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական Երկխոսության Հանձնառություն», «Քաղաքացիների ձայնը Հայաստանի խոշորացված համայնքներում», «Քաղաքապետերի Դաշնագիր Արևելք 2» ծրագրերի կառավարումը:

2011թ-ից առ այսօր մատուցում է նաև դրամաշնորհների առաջարկների և բիզնես պլանների կազմման ծառայություններ Հայաստանյան և արտասահմանյան կազմակերպություններին: