Մայիսի 17 2018
IMG 3871

ԵՄՀ շրջանավարտների միության հերթական նախաձեռնությունը

ԵՄՀ շրջանավարտների միությունը, համագործակցելով EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների շրջանավարտների հետ, 2018 թվականի մայիսի 16-ին կազմակերպեց հանդիպում EducationUSA կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանի և ԱՄՆ Պետքարտուղարության կողմից կազմակերպված PFP մասնագիտական վերապատրաստման ծրագրի շրջանավարտ Կարեն Ամիրյանի հետ:IMG 3882

Հանդիպման սկզբում Շուշաննա Աբովյանը հակիրճ ներկայացրեց ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորությունները և EducationUSA կենտրոնի ծառայությունները՝ սկսած քննական թեստերին պատրաստվելու գործընթացից մինչև ԱՄՆ կրթական համակարգի վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրումը:

Հանդիպման երկրորդ հատվածում Կարեն Ամիրյանը  հանդես եկավ «ՀՀ պետական իշխանության համակարգը» թեմայով դասախոսությամբ։ Իր ելույթի սկզբում Կ.Ամիրյանը ներկայացրեց «իշխանություն» և պետական իշխանություն հասկացությունները՝ անդրադառնալով վերջինիս սահմանադրաիրավական առանձնահատկություններին: Նա զուգահեռներ անցկացրեց ներկայիս փոփոխված և 2005 թվականի խմբագրությամբ սահմանադրությունների միջև՝ որպես օրինակ անդրադառնալով Ազգային ժողովի կազմի և ընտրության կարգի փոփոխություններին: Այնուհետև բանախոսը անդրադարձավ պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմքերին: Այս կապակցությամբ Կ.Ամիրյանին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ բանավեճ: Շարունակելով իր զեկույցը՝ Կ.Ամիրյանը խոսեց Ազգային ժողովում քաղաքական փոքրամասնության հնարավորություններից: IMG 3879Հաջորդիվ զեկույցում անդրադարձ եղավ ՀՀ Սահմանադրության այն դրույթներին, որոնք առնչվում էին ՀՀ նախագահի, կառավարության, վարչապետի  իրավական կարգավիճակին, լիազորություններին: Բանախոսը ներկայացրեց նաև դատական համակարգը և բոլորի ուշադրությունը հրավիրեց Սահմանադրական դատարանի նոր լիազորությունների վրա:

Տեղեկատվությամբ հագեցած և հետաքրքիր հանդիպման ավարտին բանախոսին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Սահմանադրության փոփոխություններին և ներկայիս քաղաքական իրավիճակի սահմանադրական կարգավորումներին:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՄՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը և շրջանավարտները: