Դեկտեմբերի 12 2017
DSC02811 e1513069621847

ԵՄՀ շարունակում է խորացնել միջազգայնացման գրծընթացները

Օրերս, Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին ԵՄ եւ գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության եւ նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակ մոտեցումների զարգացման ծրագրի (HARMONY) կոնսորցիումի հերթական հանդիպմանը, որն այս անգամ դեկտեմբերի 5-9 կայացավ  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։

Հանդիպման ընթացքում ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում վերանայված ԵՄՀ միջազգայնացման ռազմավարությունը՝ մատնանշելով ՀՀ բարձրագույն կրթության նոր Օրենքի նախագիծը, որի ներդրումը հանրապետության  բուհերի համար զարգացման նոր նախադրյալներ ու հնարավորություններ կստեղծի հատկապես միջազգայնացման գործընթացներում։

Հայաստանի պատվիրակության կազմում էր նաև ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը և ՀՀ Կրթության և գիտության նախարարության Միջազգային կապերի բաժնի ղեկավար Անգելինա Հովհաննիսյանը։ Վերջինս ներկայացրեց ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում տեղ գտած բարեփոխումները և առաջնահերթությունները՝ կարևորելով համատեղ միջազգային կրթական և հետազոտական ծրագրերի իրականացումը։

ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանն այցի ընթացքում հանդիպեց Բելառուսի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկայի ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Դմիտրի Մեդվեդևի  և Տեղեկատվական տեխնոլոգիաների բազմապրոֆիլ ծրագրերի ղեկավարության հետ։ 

DSC02808

Հանդիպման ընթացքում նախանշվեցին համագործակցության եզրեր, ինչպես Եվրասիա միջազգային համալսարանի «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության, առանձին մասնագիտական դասընթացների անցկացման, այնպես էլ դիստանցիոն կրթական համակարգով Օհանյան կրթահամալիրի տարրական դպրոցի տեղեկատվական նոր դասընթացների անցկացման շրջանակներում։

Հիշեցնենք, որ ՀԱՐՄՈՆԻԱ նախագիծը, որին մասնակցում է նաև Եվրասիա միջազգային համալսարանը, իրականացվում է ԵՄ կողմից հովանավորվող ԷՐԱԶՄՈՒՍ + ծրարգրի շրջանակներում։ Այն եռամյա ծրագիր է, որի շրջանակներում նախատեսվում է միջազգային գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության մեթոդոլոգիաների մշակում, միջազգային գործունեության և փորձի ուսումնասիրություն, ՀՀ-ի, ՌԴ-ի և Բելառուսի բուհերի միջազգային գործունեության վերլուծություն, միջազգայնացման ռազմավարության ընդհանուր և հենքային գործիքակազմի մշակում, ներգրավված բուհերի մասնագետների մասնագիտական որակավորման բարձրացում: