Այսօր՝ ս․թ․ մայիսի 2-ին Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ․գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը հյուրընկալեց Լյուբլինի Հովհաննես Պողոս II կաթոլիկ համալսարանի (Լեհաստան) ռեկտոր, պրոֆեսոր Անտոնի Դեբինսկիին, նույն բուհի Մամուլի կենտրոնի ղեկավար Լիդիա Կ․Ժասկուլային և Սուլխան-Սաբա Օրբելանիի համալսարան (Վրաստան) ռեկտոր, պրոֆեսոր Վաժա Վարդիդձեին։ Ռեկտոր Սուրեն Օհանյանը ողջունեց վերջիններիս այցը Եվրասիա միջազգային համալսարան, համոզմունք հայտնեց, որ ապրիլ ամսին ստորագրված համագործակցության պայմանագիրը Եվրասիա միջազգային համալսարանի և Լյուբլինի Հովհաննես Պողոս II կաթոլիկ համալսարանի (Լեհաստան) միջև առավել կայուն նախադրյալներ կստեղծի հետագա փոխհամագործակցության, իսկ այսօրվա այցը նոր սկիզբ կազդարարի Սուլխան-Սաբա Օրբելանիի համալսարանի (Վրաստան) հետ համագործակցության։
Այնուհետև ռեկտորները քննարկեցին ինստիտուցիոնալ մակարդակում բարձրագույն կրթական համակարգերի առանձնահատկություններն ու առկա հիմնախնդիրները։ Խոսելով համագործակցության ընդլայնման մասին՝ ռեկտորները կարևորեցին զարգացումները մի շարք ուղղություններով՝ ասպիրանտական կրթություն, հետազոտություն, ուսանողների, դասախոսների փոխանակում:
Հանդիպման արդյունքում ձեռքբերած պայմանավորության համաձայն՝ առաջիկայում նախատեսվում են վերոնշյալ ոլորտներում համագործակցության խորացման հստակ քայլերի մշակում։