Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչի օգնական, որակի ապահովման գործակալ Լիա Թևոսյանը, ուսանողական գիտական խորհրդի նախագահ, «Կառավարում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Նունե Թորոսյանը և նույն մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անուշ Կարապետյանը 2017թ. նոյեմբերի 14-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում մասնակցեցին «ESPAQ Տեմպուս» ծրագրի ամփոփիչ համաժողովին: Ծրագրի նպատակն է` նպաստել ուսանողների մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը և դրանցում ակտիվ ներգրավմանը:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով արժևորեց Տեմպուս և Էրազմուս ծրագրերում գրանցած ձեռքբերումները` որպես կրթության ոլորտի կառուցվածքային լուծումներ, և առաջարկեց բուհերին ձևավորել համագործակցության նոր մթնոլորտ` փոխարինելով ավանդական կրթական համակարգը շարժունության վրա հիմնված կրեդիտների ավելացման և ձևավորման համակարգով:
Իրենց ողջույնի խոսքով հանդես եկան նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Եվրոպական Ուսանողական Միության փոխնախագահ Ադամ Գայեկը, Մաչերատայի համալսարանի ներկայացուցիչները: Վերջիններս ներկայացրին ESPAQ ծրագրի ձեռքբերումները և արդյունքները:
Համաժողովը նշանավորվեց նաև փոխհամաձայնության հուշագրի կնքմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության ընդլայնումը որակի ապահովմանը» ծրագրի կոնսորցիումի անդամների միջև, համաձայն որի՝ կստեղծվի ՀՈՒԱԱ-ին կից գործող Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին, որի նպատակն է որակի ապահովման գործընթացներում ուսանողների դերի ակտիվացման մեխանիզմների մշակումը, ուսանողների կողմից որակի գնահատումը և ապահովումը, համագործակցության շարունակական զարգացումը:
Հիշեցնենք, որ համաժողովին ներկա էին բարձրագույն կրթության ոլորտի շահակից կառույցների ավելի քան 80 ներկայացուցիչ ինչպես Հայաստանից, այնպես էլ միջազգային կառույցներից` ներառյալ ՈԱ փորձագետներ և շահագրգիռ կողմեր: