2017թ. նոյեմբերի 29-ին «Սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման հիմնական միջոցները» թեմայով զեկույցով հանդես եկավ «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Մանասյանը, ով Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում իր ուսումնառությունը անց է կացրել Լիտվայի Միկոլաս Ռոմերիս հեղինակավոր համալսարանում: Զեկույցի թեման ընտրված էր Էլեկտրոնային բիզնեսի տեղեկատվական համակարգերը առարկայից։ Հանդիպման սկզբում Ա․Մանասյանը ներկաներին ուղղված հարց ու պատասխանի սկզբունքով սահմանեց «տվյալ» և «տեղեկատվություն» հասկացությունները, այնուհետև անդրադարձավ այն փաստին, որ ժամանակակից բիզնես աշխարհում սպառողը բրենդի մասին տեղեկատվություն ստանում է հենց բրենդը ներկայացնող կամ միջնորդ ընկերություններից, որը շատ հաճախ նպաստում է նրանց՝ գնման մասին որոշումներ կայացնելուն։ Իսկ այդ տեղեկատվությունը սպառողին է հասցեագրվում համացանցի միջոցով, ավելի կոնկրետ, բիզնեսին օգության են գալիս հենց սոցիալական կայքերը, ինչպիսիք են Facebook, Twitter, Google+, LinkedIn և այլն:
Օն-լայն բիզնես կառուցելու և տեղեկատվությունը արագ և արդյունավետ տարածելու համար հաճախ հարկ է լինում օգտվել տեղեկատվության կառավարման որոշակի գործիքներից, որոնք օգնում են կազմակերպություններին խնայել իրենց ժամանակը և կարող են օգտագործվել մարքեթինգի, հետազոտության, հրապարակման, վերահսկողության, հաճախորդներին ծառայություններ մատուցելու, պլանավորման, վերլուծության, նույնիսկ աշխատակազմին կառավարելու և մի շարք այլ նպատակներով: Ամենահայտնի գործիքների՝ հավելվածների թվին են դասվում Everypost-ը, Sprout Network-ը, Tailwind Systems-ը, Social Pilot-ը, Pyrus-ը, Social media-ն, DrumUp-ը, Pagemodo-ը, Followers-ը, որոնց նկարագրերին անդրադառնալիս Ա․Մանասյանը թվեց դրանցից յուրաքանչյուրի առավելությունները, ինչպես նաև խոսեց այն դժվարություններից և խոչընդոտներից, որոնց բախվել էր տվյալ առաջադրանքը կատարելիս։
Հանդիպման վերջում բանախոսին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ինչպես տեսական մասին, այն է՝ տվյալ հավելվածները տեղայնացնելուն, բուհի օրինակով կիրառման նպատակայնությանը և այլն, այնպես էլ՝ առահասարակ Էրազմուս+ ծրագրին։
Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի և Կառավարման ամբիոնի հետ համատեղ, որին ներկա էին ԵՄՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը։