Ս․թ․ մարտի 21-ին ԵՄՀ իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց այց ՀՀ Գլխավոր դատախազություն, որին ներգրավվեցին ԵՄՀ հենակետային վարժարանի, «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների աշակերտները։ Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ դատախազության դերին, գործառույթներին, կառուցվածքին, դատախազի իրավունքներին ու պարտականություններին։ Այցի շրջանակներում աշակերտներին մանրամասն ներկայացվեցին ՀՀ օրենսդրությամբ գլխավոր դատախազին ներկայացվող պահանջները, ՀՀ դատախազության գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը, անդրադարձ կատարվեց ՀՀ դատախազության կարևորագույն դերին՝ որպես արդարադատությանը նպաստող կառույցի։ Մանրամասն քննարկվեցին ՀՀ Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքով ամրագրված դատախազության գործառույթները։
Աշակերտներին անչափ հետաքրքրեց «դատախազ» բառի ստուգաբանական իմաստը։ Այս և մի շարք այլ հարցերին բավականին հանգամանալից պատասխանեցին դատախազները։