Ս.թ. սեպտեմբերի 3-ին կայացավ UNESCO «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի ամփոփիչ համաժողովը:
Համաժողովի ընթացքում ամփոփվեցին ծրագրի շրջանակներում իրականացված գործընթացները, ներկայացվեց ծրագրի ազդեցությունը ՀՀ բուհական համակարգի վրա:
Առաջին պանելային քննարկմանը՝ «Արտաքին գնահատման ազդեցությունը բուհական կառավարման համակարգի զարգացման վրա. կառավարման բարձր օղակների տեսանկյունը» խորագրով, որպես ծրագրի ինստիտուցիոնալ համակարգող ու ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, մասնակցեց Մարիամ Ջիլավյանը, իսկ երկրորդ պանելային քննարկմանը՝ «Փորձագիտական կարողությունների ձևավորումը և դրա ազդեցությունը բուհերի որակի ներքին ապահովման համակարգի զարգացման վրա» խորագրով, մասնակցեցին ԵՄՀ Կառավարման և ՏՀ ամբիոնի դասախոս Քրիստինե Գուլքանյանը և Իրավագիտության ամբիոնի վարիչի օգնական, դասախոս Լիա Թևոսյանը: Վերջիններս ծրագրում ներգրավված էին որպես փորձագետներ։
Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ բուհերում ներքին գնահատման գործընթացների առանձնահատկությունները, մարտահրավերներն ու հեռանկարները, շեշտադրվեցին բուհերի ներկայացուցիչների մոտ փորձագիտական կարողությունների ձևավորման մեխանիզմները և լավագույն փորձի տարածման միջոցները:
Հավելենք, որ մինչ համաժողովը ՈԱԱԿ մասնագետները առցանց հանդիպում կազմակերպեցին ծրագրի մասնակից Եվրասիա միջազգային համալսարանի փորձագետների և բուհի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Ծրագրի միջոցով բուհի աշխատակիցները հնարավորություն ունեցան դիտարկել ԵՄՀ գործունեությունը որպես արտաքին գնահատող, որի արդյունքում կազմեցին զեկույց: Զեկույցում Լ.Թևոսյանը և Ք.Գուլքանյանը ամփոփեցին իրենց կողմից իրականացված ԵՄՀ արտաքին գնահատման այցի արդյունքները՝ շեշտը դնելով բուհի կարևոր խնդիրների վերհանմանն ու լուծման ուղիների մատնանշմանը։
Նշենք, որ UNESCO «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։