Ս.թ. հուլիսի 10-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի առցանց նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին օրակարգում ներառված մի շարք հարցեր: Օրակարգի կարևոր կետերից էր Ներքին հետազոտական դրամաշնորհային մրցույթի ամփոփումը: Ելնելով գիտական ներուժի կայուն զարգացման, հետազոտությունների և նորարարությունների կիրառելիության ապահովման ռազմավարական նպատակներից՝ դասախոս-ուսանող համատեղ հետազոտության շրջանակում կհրատարակվի ուսումնական նոր ռուսերեն ձեռնարկ՝ նվիրված Իրավաբանական դիսկուրսի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը։ Սույն ձեռնարկը ներառում է իրավական փաստաթղթերի կազմման, իրավաբանական տերմիններով ռուսերեն հաղորդակցման հմտությունների և խոսքի էթիկայի վերաբերյալ տեղեկատվություն, առաջադրանքներ, որոնք նպաստելու են իրավաբանական դիսկուրսի ձևավորմանը:
Նիստին ամփոփվեց 2019-2020 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի վերջնական քննությունների արդյունքները: Սույն հարցի շրջանակում գիտխորհրդին ներկայացվեց նաև առցանց քննական գործընթացի և դասապրոցեսի վերաբերյալ Ուսանողական խորհրդի կողմից իրականացված հարցումների արդյունքում արված առաջարկությունները: Գիտխորհրդի անդամները քննարկեցին գործընթացին առնչվող խնդիրները, կայացրեցին որոշումներ դրանց հաղթահարման ուղիների շուրջ:
Գիտ.խորհդրի նիստն անդրադարձավ նաև 2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերլուծությանը, որի ընթացքը գնահատվեց դրական, նիստի անդամներն արձանագրեցին, որ ամբիոնների, Հետազոտական ինկուբատորի և Որակի ապահովման կենտրոնի համատեղ աշխատանքի շնորհիվ ուսանողների մոտ արտացոլվեցին հետազոտությունների իրականացման որակական աճ: Քննարկվեցին նաև բացթողումները՝ մասնավորապես գնահատման չափանիշներում, որոնք կվերանայվեն հաջորդ ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը կազմակերպելիս:
Միջազգային կապերի կենտրոնի պատասխանատու Նունե Ջոմարդյանը ներկայացրեց Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի 2019-2020 ուստարվա գարնանային կիասմյակի արդյունքները, իսկ Հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը հանգամանալից խոսեց ARMDOCT հետազոտական ծրագրի կողմից վերապատրաստումների կազմակերպման և անցկացման մասին:
Օրակարգային հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: Ամփոփելով նիստը՝ նախագահ Սուրեն Օհանյանը փաստեց վերջինիս արդյունավետությունը և հայտնեց իր գոհունակությունը իրավիճակով պայմանավորված նոր մարտահրավերին արագ արձագանքելու և առցանց հարթակում Գարնանային կիսամյակի ուսումնական գործընթացը լավագույնս կազմակերպելու համար, ինչը նոր հիմք կհանդիսանան բուհի նոր ծրագրերի մշակման և կենսագործման համար։