Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ս.թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ դիտում-քննարկում TEDx զրույցի շրջանակներում, որին ակտիվ ներգրավված էին նաև ԵՄՀ միջազգային ուսանողները։ Հաշվի առնելով, որ միջոցառմանը մասնակցում էին նաև օտարերկրյա ուսանողներ, որպես հաղորդակցման լեզու, ընտրվել էր անգլերենը:
Դիտումը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում ուսանողները ակնդրեցին անվերջույթ լեգենդի, աշխարհի ամենահայտնի և հանրաճանաչ մոտիվացնող բարոյախոսներից մեկնի ` 29-ամյա Նիք Վույիչիչի մոտիվացումը կյանքի նկատմամբ. «վերաբերմունքն է պայմանավորում գոյություն ունեցող հանգամանքների զարգացումը, խոչընդոտները պետք է ընկալել ոչ թե որպես խնդիր, այլ մարտահրավեր, հնարավորություն՝ դրանք հաղթահարելու ու առաջ գնալու»: Ունենալով կյանքի շատ բարդ ուղի և առաջնորդվելով այս գաղափարախոսությամբ` Նիքը խորհուրդ է տալիս ելք փնտրել դժվար իրավիճակից ոչ թե կյանքի հակառակ կողմում, այլ կյանքի մեջ: Նա իր առաքելությունն է համարում կյանքում ոգեշնչել միլիոնավոր մարդկանց իր կենդանի օրինակով: Նա իրեն համարում է երջանիկ մարդ. հասցրել է ամուսնանալ և երեխա ունենալ, շրջում է ողջ աշխարհում և քարոզում մարդկանց վերանայել կյանքի հանդեպ իրենց վերաբերմունքը:
Այնուհետև ուսանողները անցան երկրորդ դիտմանը, որի հեղինակն էր լրագրող Մարիաննա Ատենցիոն: Մարիաննան իր խոսքում շեշտը դնում է մարդու` որպես յուրօրինակ էակի առանձնահատկությունների վրա: Աշխատանքային գործունեությունից ելնելով` Մարիաննա շարունակ ճամփորդում է` հանդիպելով դժվարին իրավիճակում գտնվող տարբեր մարդկանց հետ: Նա կոչ է անում հավատալ սեփական ուժերին և շարժվել առաջ, լինել և մնալ մարդ, ինչն էլ տարբերակում է մարդուն հասարակության մեջ և մղում առաջընթացի:
Երկու դիտումների շուրջ ծավալվեց բավականին բուռն քննարկում: Ուսանողները արտահայտեցին իրենց դրական դիրքորոշումը, հնչեցրեցին տարբեր կարծիքներ և իրենց օրինակներով կիսվեցին մյուսների հետ: