Այսօր Եվրասիա միջազգային համալսարանի դատական նիստերի դահլիճում «Քաղաքացիական դատավարություն» առարկայի շրջանակներում (դասախոս՝ Արմինե Չոբանյան) տեղի ունեցավ «Համասեփականատեր ճանաչելու պահանջի մասին» դատախաղ-բաց դաս, որին մասնակցեցին «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:
Ուսանողները հանդես եկան դատավորի, նիստերի քարտուղարի, կողմերի ներկայացուցիչների դերերում: Դատախաղն ուղղված էր քաղաքացիական դատավարության մասին օրենսդրության նորմերը գործնականում կիրառելուն, գործնական կարողություններն ու հմտությունները զարգացնելուն:
«Ոտքի՛, դատարանն է գալիս» հրահանգից հետո դատական նիստերի դահլիճում քար լռություն տիրեց: Դատավոր, «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մկրտչյանը դատական նիստը համարեց բացված: Ապագա իրավաբանին բնորոշ համարձակությամբ և ինքնավստահությամբ, առանց կաշկանդվելու դատավարության կողմերը ներկայացրին իրենց պահանջներն ու առարկությունները: Դատական նիստը կասեցվեց դատափորձագիտական միջնորդությունը բավարարելու հիմքով, որի վերաբերյալ կայացվեց համապատասխան որոշում։
Դատախաղից հետո ԵՄՀ դասախոսներն ու ուսանողները քննարկեցին դատախաղի ընթացքը: Դատախաղին ներկա էր նաև ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Ամփոփման իր խոսքում ռեկտորը կարևորեց նախագծային ուսուցումը իրավագիտության ոլորտում և այսօրինակ դատախաղերը՝ որպես տեսական գիտելիքները ամրապնդելու ու գործնականում կիրառելու հնարավորություն։