2018թ. դեկտեմբերի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանի դատական նիստերի դահլիճում «Քաղաքացիական դատավարություն» առարկայի շրջանակներում (դասախոս՝ Արմինե Չոբանյան) տեղի ունեցավ դատախաղ-բաց դաս, որին մասնակցեցին «իրավագիտություն» մասնագիտության ուսանողները:
Ուսանողները հանդես եկան դատավորի, նիստերի քարտուղարի, կողմերի ներկայացուցիչների դերերում: Դատախաղն ուղղված էր նյութաիրավական և դատավարական օրենսդրության նորմերը գործնականում կիրառելուն, գործնական կարողություններն ու հմտությունները զարգացնելուն: Դատավարության նմանակման խաղը վերաբերում էր ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչմանը:
«Ոտքի՛, դատարա՛նն է գալիս» հրահանգից հետո դատական նիստերի դահլիճում քար լռություն տիրեց: Դատավոր, «իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Նոնա Ադունցը դատական նիստը համարեց բացված: Ապագա իրավաբանին բնորոշ համարձակությամբ և ինքնավստահությամբ, առանց կաշկանդվելու դատավարության կողմերը ներկայացրին իրենց պահանջներն ու առարկությունները:
Պարզելով գործի հանգամանքները և լսելով հայցվորին, պատասխանողին, երրորդ կողմին՝ սահմանված կարգի համաձայն դատարանն անցավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու: Դատավորը վերադարձավ դահլիճ, հայտարարեց վճիռը, կողմերին բացատրեց վճիռը բողոքարկելու իրենց իրավունքը:
Դատախաղից հետո ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը, դասախոսներն ու ուսանողները քննարկեցին դատախաղի ընթացքը
: