2019թ. մայիսի 15-ին Եվրասիա միջազգային համալսարանի դատական նիստերի դահլիճում «Պատանի իրավաբանի» դպրոցի աշակերտների ներկայացմամբ (դասախոս՝ Մերրի Շահբազյան) տեղի ունեցավ դատախաղ-բաց դաս, որին մասնակցեցին նաև ԵՄՀ «իրավագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները:
Աշակերտները հանդես եկան դատավորի, դատախազի, նիստերի քարտուղարի, կողմերի ներկայացուցիչների դերերում: Դատախաղն ուղղված էր քրեական օրենսդրության նորմերը գործնականում կիրառելուն, գործնական կարողություններն ու հմտությունները զարգացնելուն: Դատավարության նմանակման խաղը վերաբերում էր ինքնասպանության հասցնելու գործի քննությանը:
«Ոտքի՛, դատարա՛նն է գալիս» հրահանգից հետո դատական նիստերի դահլիճում քար լռություն տիրեց և դատավորը դատական նիստը համարեց բացված: Ապագա իրավաբանին բնորոշ համարձակությամբ և ինքնավստահությամբ, առանց կաշկանդվելու դատավարության կողմերը ներկայացրին իրենց պահանջներն ու առարկությունները:
Պարզելով գործի հանգամանքները և լսելով հայցվորին, պատասխանողին, երրորդ կողմին՝ սահմանված կարգի համաձայն դատարանն անցավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու: Դատավորը վերադարձավ դահլիճ, հայտարարեց վճիռը, կողմերին բացատրեց վճիռը բողոքարկելու իրենց իրավունքը:
Դատախաղից հետո ԵՄՀ իրավագիտության ամբիոնի հայցորդ, դասախոս Մերրի Շահբազյանը, դասախոսները, աշակերտները և ուսանողները քննարկեցին դատախաղի ընթացքը։
Հավելենք, որ դատախաղը միտված էր աշակերտների ստացած գիտելիքների վերջնական ստուգմանը, որոնք ամենայն ոգևորությամբ և լրջությամբ ներկայացրին դպրոցի շրջանակներում ձեռքբերած գիտելիքները:
Նշենք, որ «Պատանի իրավաբանի» դպրոցի նպատակն է մասնագիտական կողմնորոշման շրջանակներում ձևավորել ընդհանրական գիտելիքներ իրավագիտության վերաբերյալ, աշակերտի մեջ զարգացնել իրավաբանին բնորոշ հատկանիշներ, ուղղորդել նրան ինքնուրույն աշխատանքի՝ զարգացնելով վերջինիս նախաձեռնողականությունը: