2019թ. հունիսի 5-ին Եվրասիա միջազգային համալսարանի դատական նիստերի դահլիճում «Քաղաքացիական դատավարություն 2» առարկայի շրջանակներում (դասախոս՝ Արմինե Չոբանյան) տեղի ունեցավ «Ամուսնալուծության և երեխայի տեսակցության կարգը նշանակելու պահանջների մասին» դատախաղ-բաց դաս, որին մասնակցեցին «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:
Ուսանողները հանդես եկան դատավորի, նիստերի քարտուղարի, կողմերի ներկայացուցիչների դերերում: Դատախաղն ուղղված էր քաղաքացիական դատավարության և հաշտարարության մասին օրենսդրության նորմերը գործնականում կիրառելուն, գործնական կարողություններն ու հմտությունները զարգացնելուն: Դատավարության նմանակման խաղը վերաբերում էր ամուսնալուծության և երեխայի տեսակցության կարգը սահմանելու պահանջներին:
«Ոտքի՛, դատարա՛նն է գալիս» հրահանգից հետո դատական նիստերի դահլիճում քար լռություն տիրեց: Դատավոր, «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Նոնա Ադունցը դատական նիստը համարեց բացված: Ապագա իրավաբանին բնորոշ համարձակությամբ և ինքնավստահությամբ, առանց կաշկանդվելու դատավարության կողմերը ներկայացրին իրենց պահանջներն ու առարկությունները: Կողմերի համաձայնությամբ գործի քննությունը փոխանցվեց հաշտարարի քննությանը։ Հաշտարարի օգնությամբ կողմերը եկան համաձայնության, որից հետո հաշտության համաձայնության մասին որոշումը հաստատվեց դատարանի կողմից։
Դատախաղից հետո ԵՄՀ դասախոսներն ու ուսանողները քննարկեցին դատախաղի ընթացքը: Դատախաղին ներկա էր նաև ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Ամփոփման իր խոսքում ռեկտորը կարևորեց այսօրինակ դատախաղերը՝ որպես տեսական գիտելիքները ամրապնդելու և գործնականում կիրառելու հնարավորություն։