Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի Ֆարմացիայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Լրացուցիչ մասնագիտական դասընթացների շարք» ծրագրով սեմինար, որին մասնակցեցին մի շարք բժշկական քոլեջների 90-ից ավելի սովորողներ՝ Երևանից և մարզերից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Նա ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց Եվրասիա միջազգային համալսարանի յուրահատկությունները և սովորողներին մաղթեց, որպեսզի մասնագիտությունը ընտրելուց հետո այնպես սովորեն, որ ունակ լինեն իրենց չափաբաժնով մասնակցելու աշխարհի վերափոխմանը, մրցակցելու, չնախատեսված իրավիճակներից անսխալ դուրս գալու, լրացուցիչ հմտություններ ձեռք բերելու։
Սեմինարի բանախոսները ներկայացրեցին ոլորտում աշխատելու առանձնահատկությունները, մասնագիտական նոր պահանջները, դեղագետի աշխատանքի կարևորության մասին ինչպես դեղատներում, հիվանդանոցներում, այնպես էլ դեղագիտական արտադրական կազմակերպություններում։ Խոսվեց նաև տարբեր մասնագիտական հաստատությունների հետ համագործակցության մասին:
Բանախոսներից դ․գ․թ․ Մկրտիչ Շաքարյանը անդրադարձավ «Դեղագետի կարիերան ՀՀ -ում և ՀՀ-ից դուրս» թեմային, նյարդագիտության ոլորտը ներկայացրեց կ․գ․թ․, ԵՄՀ-ի Ֆարմացիայի ամբիոնի վարիչ Քրիստինե Դանիելյանը: «Միկրոօրգանիզմների և վիրուսների պաթոգեն և օգտակար հատկությունները» թեմային անդրադարձավ կ․դ․թ, դոցենտ, գիտ․ աշխատող Աննա Սուքիասյանը:
Աշակերտները ֆիզիոլոգիայի, դեղագիտական քիմիայի, ֆարմակոգնոզիային վերաբերող փորձեր անցկացրեցին համալսարանի լաբորատորիաներում ու մեծ ոգևորություն ապրեցին՝ իրենց ապագա մասնագիտությանը մոտիկից գործնականորեն ծանոթանալու հնարավորության համար:
«Ամեն ինչ թունավոր է․ հարցը քանակն է» խորագրով սեմինարը եզրափակեց կրտսեր գիտ․ աշխատող, դասախոս Լիլիթ Բիչախչյանը:
Ապագա դեղագետները դասախոսների հետ քննարկեցին նաև մասնագիտական այլ հարցեր ու ձեռք բերեցին նոր հմտություններ: