Ս․թ․ հունիսի 22-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը:
Նշենք, որ խորհրդի կողմից քննարկվում և հաստատվում են տարբեր ռազմավարական հարցեր։ Խորհրդի կազմում ներգրավված են ինչպես արտաքին շահակիցներ՝ ի դեմս ոլորտի առաջատար մասնագետների, փորձագետների, գիտնականների և գործատուների, այնպես էլ ԵՄՀ ինստիտուցիոնալ ղեկավարներ, դասախոսներ և ուսանողներ։
Նիստի ընթացքում բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանը ներկայացրեց 2019-2020 գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ ռազմավարական նպատակների 2019-2020 ռազմավարական ցուցանիշների վերլուծությամբ: Ռեկտորը մանրամասն խոսեց ֆինանասական կայունության, բյուջեի արդյունավետ կառավարման, ֆինանսական ներհոսքի նոր աղբյուրների ներգրավման, ուսանողական համակազմի ընդլայնման, կրթական նոր ծրագրերի զարգացման և ներդրման, կիրառական և գիտական հետազոտությունների խթանման և մի շարք այլ հարցերի մասին։ Ռեկտորը նաև ուրախությամբ տեղեկացրեց, որ Բոստոնի Քոլեջի Բարձրագույն կրթության միջազգային կենտրոնի կողմից իրականացվող հետազոտության շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանն ընտրվել է որպես մասնավոր բուհի լավագույն փորձ և կներկայացվի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի մասին պատմող գրքում։
Հաջորդիվ, ԵՄՀ Գլխավոր հաշվապահ Ա․ Ալեքսանյանը ներկայացրեց բյուջեի 2020թ․կատարողականը և 2021թ. նախահաշիվը՝ մանրամասն նշելով բոլոր հոդվածները և դրանց ուղղությամբ իրականացված հատկացումները։
Օրակարգային հարցերից էր նաև ԵՄՀ Որակի ապահովման (ՈԱ) կենտրոնի տարեկան հաշվետվության ներկայացումը։ ՈԱ կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանը ներկայացրեց 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում ՈԱ կենտրոնի իրականացրած գործողություններն ու նախաձեռնությունները, ինչպես նաև անդրադարձ կատարեց ԵՄՀ գործունեությանը համավարակի պայմաններում։ Բանախոսը ներկայացրեց դասընթացների առցանց կազմակերպման մեթոդական և կազմակերպչական խնդիրները, բուհի կողմից դրանց ուղղությամբ իրականացված քայլերը, ինչպես նաև հեռավար ուսուցման որակի ապահովման մեխանիզմները: Իր խոսքում Մ. Ջիլավյանը նշեց նաև, որ հիմքում ունենալով դրական փորձը, 2020-2021 ուսումնական տարվանից սկսած՝ ԵՄՀ բոլոր կրթական ծրագրերը վերանայվել և վերափոխվել են՝ որպես հիբրիդ կրթական ծրագրեր։ Խորհրդի անդամները դրական համարելով ԵՄՀ փորձը՝ միաձայն հաստատեցին ՈԱ կենտրոնի հաշվետվությունը։
Հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը Խորհրդի քննարկմանը ներկայացրեց ԵՄՀ Գիտահետազոտական գործունեության խրախուսման քաղաքականությունը: Հատկանշական է, որ փաստաթղթով սահմանվում են բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների գիտահետազոտական գործունեության որակական բարելավման քաղաքականությունը, ուղենիշները և շրջանակը։ Հարկ է նշել նաև, որ փաստաթղթի հիմնական նպատակն է դասախոսական կազմի, ասպիրանտների և մագիստրանտների հետազոտական օրակարգը կապակցել ազգային (ՀՀ Գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թթ․ գերակայությունները), ինչպես նաև «Վերափոխենք աշխարհը. Կայուն զարգացման օրակարգ 2030» փաստաթղթում ամփոփված նպատակներին և այդ համատեքստում ՀՀ առաջնահերթություններին։
Նիստին խորհրդի անդամների կողմից ընդգծվեցին բուհի մրցակցային առավելությունները, առաջարկություններ եղան բուհի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրերի շուրջ, որոնց կենսագործումը տեղի կունենա մոտ ժամանակում։