Եվրասիա միջազգային համալսարանը հասարակության առջև ստանձնած սոցիալական պատասխանատվության շրջանակում մշտապես կազմակերպում և կյանքի է կոչում կրթական բազմաթիվ ծրագրեր՝ այսպիսով նպաստելով բուհ-դպրոց-քոլեջ համագործակցության ակտիվացմանը և խորացնելով աշակերտների մասնագիտական կարողությունները:
Այս նպատակով ս․թ․հունվարի 30-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց մրցույթ «Հասարակագիտություն» դպրոցական դասընթացի իրավունքի բաժնի շրջանակում, որին մասնակցեցին Մեծամորի Սաշա Գալստյանի անվան N2 ավագ դպրոցի, Երևանի Մ.Գալշոյանի անվան Թիվ 148 ավագ դպրոցի, Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի, Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի, Հ. Գալստյանի անվան հ.83 ավագ դպրոցի և Երևանի 195 ավագ դպրոցի աշակերտական թիմերը։
Ողջույնի իր խոսքում Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը կարևորեց այսօրինակ նախաձեռնությունները և առանձնացրեց սույն միջոցառումը՝ որպես հարթակ ուղղված դպրոցականների գիտելիքների ամրապնդմանը, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ձևավորելուն և անձնային իրավագիտակցությունը բարձրացնելուն, առօրյա կյանքում գիտելիքները կիրառելու հմտությունների ձեռքբերմանը ։
Նշենք նաև, որ ժյուրիի կազմում էին՝ ժյուրիի նախագահ` ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանը,անդամներ՝ Կոտայքի մարզի դատախազության Հրազդան քաղաքի ավագ դատախազ Սմբատ Մինասյանը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Գևորգ Գենջոյանը։
Մրցույթը բաղկացած էր երկու մասից․ առաջին մասում թիմերի ավագները ներկայացրին իրավաբանին բնութագրող հատկանիշները, այնուհետև աշակերտները պատասխանեցին տարաբնույթ մասնագիտական հարցերի։ Եզրափակիչ փուլ անցած առավելագույն միավորներ հավաքած չորս թիմերին առաջադրվեցին խնդիրներ, որոնց շուրջ աշակերտները պետք է ներկայացնեին վերլուծություն։
Մրցութային փուլերի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղում Մեծամորի Սաշա Գալստյանի անվան N2 ավագ դպրոցի թիմն էր։ Հաղթող թիմերը ստացան դրամական պարգևներ։
ԵՄՀ-ն սահմանել էր նաև Հատուկ մրցանակներ․ այն է անվճար ուսուցման հնարավորություն Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որոնց արժանացան Մեծամորի Ս․Գալստյանի անվան թիվ 2 դպրոցի աշակերտուհի Արմինե Կիրակոսյանը և Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Դավիթ Ազիզյանը։
Միջոցառման ավարտին մասնակից բոլոր աշակերտները ստացան մասնակցության վկայականներ։
Եվրասիա միջազգային համալսարանը շնորակալություն է հայտնում բոլոր աշակերտներին, ուուցիչներին և դպրոցների տնօրինությանը՝ նախաձեռնությանը ակտիվ ներգրավվելու համար, և շնորհավորում հաղթող թիմերին։