ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնը ԱՄՆ Ջորջիայի համալսարանի Ուսուցիչների կրթության ամբիոնի հետ համատեղ կազմակերպեց COIL՝ Համագործակցային առցանց միջազգային ուսուցման դասընթացը:
«Սոցիալ-մշակութային հեռանկարների ուսումնասիրությունը կրթական համատեքստում» խորագրով դասընթացն անցկացրին ԵՄՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Հայկուհի Մուրադյանը և Ջորջիայի համալսարանի պրոֆեսոր Եփրեմ Մեհրանյանը:
Առցանց դասընթացն ուղղված էր մշակութային տարրերի բացահայտմանը, հանրային դպրոցներում բազմամշակութային լսարանում աշխատելուն, ինչպես նաև բազմաշերտ համայնքների սոցիալ-մշակութային խնդիրների բացահայտմանը և լուծմանը:
Դասընթացը շատ հագեցած ընթացք ունեցավ: Հայ և ամերիկացի ուսանողներին հնարավորություն ընձեռնվեց միևնույն հարթակում սովորել, իրականացնել համատեղ հետազոտություն, փոխանակվել միջմշակութային կրթության վերաբերյալ գաղափարներով և փորձով:
Որպես դասընթացների ամփոփում՝ ուսանողների համար կազմակերպվեց հանդիպում հիմնական դասագրքի հեղինակի՝ ամերիկացի հայտնի մանկավարժ, հետազոտող Սոնյա Նիետոյի հետ և նրան ուղղել իրենց հուզող հարցերը: