Այսօր՝ ս.թ. ապրիլի 12-ին, Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի, «CareerLab»-ի և «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկեց «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը: Նախագծի կազմակերպման և անցկացման նպատակը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին աշխատաշուկայի նոր պահանջներին ծանոթացնելն է, նրանց մասնագիտական խորհրդատվություն տրամադրելը, ինչպես նաև նրանց ոչ ստանդարտ մտածողությունը զարգացնելը:
Նախագծի մեկնարկն ազդարարեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Նա իր խոսքում խրախուսեց նախագծում ուսանողների և շրջանավարտների ներգրավվածությունը՝ հույս հայտնելով, որ ամենամյա նախագիծը այս անգամ ևս կնպաստի առաջադրված նպատակների իրականացմանը և ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր հմտությունների յուրացմանը: Այնուհետև Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանը բովանդակալից խոսեց կրթական համակարգից գործատուների ակնկալիքների մասին, ՀՀ տնտեսության զարգացման ներկա փուլում կարևորեց ուսանողների և երիտասարդների մրցունակության բարձրացումը աշխատաշուկայում՝ առաջնային կարևորություն տալով թվային տեխնոլոգիաների կիրառմանը, լեզուների իմացությանը, տարբեր աղբյուրներից օգտվելու, տեղեկատվությունը կառավարելու, մենեջերի ձգմանը, միջազգային հռչակագրերը, ԵՄ համաձայնագիրը և ԵԱՏՄ պահանջները տիրապետելուն: Ներկայիս պահանջարկ վայելող մասնագետների թվին նա դասեց էներգետիկներին, բիոտեխնոլոգներին, իսկ երկրի մրցունակության բարձրացման գործում կարևորեց սփյուռքի դերը:
Ըստ օրակարգի՝ դասընթացների շարքը մեկնարկեց «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ՄՌ պլանավորման և զարգացման բաժնի պետ Մարիանա Էդիլյանը, որը հանգամանալից ուղղորդեց հստակ ինքնակենսագրականի պատրաստման գործում՝ որպես ճիշտ ներկայանալու այցեքարտ և աշխատակազմի հավաքագրման առաջնային նախապայման:
Հանդիպումը շարունակեց «Գլոբալ Մեդիա Լաբ» մարքեթինգային ընկերության հիմնադիր տնօրեն, «ԵՍ-ԲՐԵՆԴ»-երի կառուցող Սեդա Վարդանյանը, որը մարքեթինգային կոմունիկացիոն խաղի միջոցով ցույց տվեց անձի բրենդի կառուցման ուղիները:
Հաջորդիվ ներկայացան «CareerLab» ընկերության դասընթացավարներ Շահանե Բեգլարյանը և Ալլա Գևորգյանը, որոնք ինտերակտիվ խաղային մեթոդով սահմանեցին ինքնաներկայացման բանաձևը:
Առաջին օրվա դասընթացների շարքն ամփոփեց դասընթացավար Մերի Մամյանը, որը կարևորեց կամավորությունը՝ որպես մասնագետ կայանալու ճանապարհին լավագույն փորձի ձեռքբերում և կիսվեց Չիլլիում կատարած կամավորության իր փորձով:
Հիշեցնենք, որ «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագծի երկրորդ օրը վաղն է՝ ս.թ. ապրիլի 13-ը: